ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Հայաստանում կոռուպցիայի ընկալման համաթիվը 3 միավորով նվազել է՝ հասնելով 46-ի. 2022թ-ի արդյունքները

Հայաստանում կոռուպցիայի ընկալման համաթիվը 3 միավորով նվազել է՝ հասնելով 46-ի. 2022թ-ի արդյունքները

Թրանսփարենսի Ինթերնեշնլը (ԹԻ) հրապարակել է կոռուպցիայի ընկալման համաթվի 2022թ-ի արդյունքները։ Հայաստանի ԿԸՀ 2022թ. արժեքը նախորդ տարվա համեմատ զգալիորեն նվազել է և հավասար է 46-ի՝ 3 միավորով պակաս նախորդ երկու տարիների (49 միավոր) արժեքից:

Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ԿԸՀ միջին արժեքը 2022թ․-ին նվազել է մեկ միավորով և հավասարվել է 35-ի։
• Վրաստանը (56 միավոր), Հայաստանը (46 միավոր) և Չեռնոգորիան (45 միավոր) առաջատարներն են և տարածաշրջանի միակ երկրները, որոնց համաթվերի արժեքները բարձր են համաշխարհային միջինից, որը հավասար է 43-ի։
• Տարածաշրջանի հետնապահներն են Թուրքմենստանը (19 միավոր), Ադրբեջանը (23 միավոր) և Տաջիկստանը (24 միավոր)։
• Սերբիայի (36 միավոր), Թուրքիայի (36 միավոր), Բոսնիա և Հերցեգովինայի (34 միավոր) և Ադրբեջանի (23 միավոր) ԿԸՀ արժեքները 2022թ․-ին իրենց պատմական նվազագույններն են։
• 2017թ․ համեմատ իրենց ԿԸՀ արժեքները նշանակալիորեն բարելավել են Հայաստանը (46 միավոր), Մոլդովան (39 միավոր) և Ուզբեկստանը (31 միավոր)։

Յուրաքանչյուր պետության ԿԸՀ անհատական միավորի և ժամանակի ընթացքում դրանց փոփոխությունների, ինչպես նաև յուրաքանչյուր տարածաշրջանի վերլուծության վերաբերյալ տեղեկատվության համար տե՛ս տարածաշրջանի 2022 ԿԸՀ էջ հղումը։

Սկսած 1995թ. իր առաջին հրապարակումից Կոռուպցիայի ընկալման համաթիվը, դարձավ հանրային ոլորտում կոռուպցիայի վերաբերյալ համաշխարհային առաջատար ցուցիչը: 2021 թվականի համաթիվը գնահատել է աշխարհի 180 երկրները և տարածքները՝ ելնելով հանրային ոլորտում կոռուպցիայի ընկալումից և օգտագործելով տվյալներ 13 արտաքին աղբյուրներից, որոնց թվում Համաշխարհային Բանկը, Համաշխարհային տնտեսական ֆորումը, ռիսկեր գնահատող և խորհրդատվական մասնավոր ընկերությունները, հետազոտական կենտրոնները և այլն։ Գնահատականներն արտացոլում են փորձագետների և գործարարների ընկալումները։

ԿԸՀ-ի հաշվարկման գործընթացը կանոնավոր կերպով վերանայվում է (վերջին անգամ՝ 2017 թվականին Եվրոպական Հանձնաժողովի Համատեղ հետազոտական կենտրոնի կողմից)՝ համոզվելու համար, որ այն ունի հնարավորինս կուռ և համահունչ ներքին տրամաբանություն։ 2012 թվականից այս կողմ ԿԸՀ յուրաքանչյուր տարվա գնահատականները համեմատելի են յուրաքանչյուր այլ տարվա գնահատականների հետ։

  • Կիսվել: