Հայաստանում հիանալի ընդունելությունն ու շփումը պատիվ եմ համարում. Արտեմ Փաթափության
Հայաստանում երիտասարդ գիտնականներին օրինակ ծառայելը կարևոր է Նոբելյան մրցանակակիր, մոլեկուլային կենսաբան և նյարդաբան Արտեմ Փաթափությանի համար։
«Հայաստանում հիանալի ընդունելության արժանացա, այդ թվում՝ գիտնականների կողմից։ Այդպիսի շփումը պատիվ եմ համարում։ Դա ցույց է տալիս, թե ինչին է Հայաստանը կարևորություն տալիս։ Եթե ես կարողանամ օրինակ դառնալ երիտասարդ գիտնականների համար, դա կլինի իմ ամենամեծ ձեռքբերումը»,- պատմեց նա:
Նրա խոսքով՝ մարդիկ հաճախ գիտնականներին շփոթում են նրանց հետ, ովքեր շատ գիտելիքներ ունեն։ Բայց գիտնականներն իրականում ոչինչ չգիտեն: Նա առանձնացրեց՝ լաբորատորիայում խոսում են ոչ թե այն մասին, ինչ գիտեն, այլ նրա մասին, ինչ դեռ չգիտեն։
Փաթափությանը կարծում է, որ յուրաքանչյուր գիտնական պետք է հստակ ձևակերպի նպատակները և հասկանա, թե որքանով են դրանք հասանելի։
Խոսելով ընտանիքի մասին՝ Փաթափությանը ընդգծեց, որ իրեն ընտանիքում որպես հայ են մեծացրել։