շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայաստանում հավաքների սահմանափակումը վերացվում է․ Արտակարգ դրությունը կերկարաձգվի, բայց որոշ մեղմացումներով

Հայաստանում հավաքների սահմանափակումը վերացվում է․ Արտակարգ դրությունը կերկարաձգվի, բայց որոշ մեղմացումներով

Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրությունը կշարունակվի ևս մեկ ամիս՝ 5-րդ անգամ, սակայն այս անգամ որոշակի մեղմացումներով և որոշ արգելքներ վերացնելով։

Այսպիսով առաջարկվում է արտակարգ դրության ժամկետը օգոստոսի 12-ից, ժամը՝ 17։00-ից երկարացնել 30 օրով, մինչ սեպտեմբերի 11-ը, ժամը՝ 17։00-ն ներառյալ։

Այսօր կառավարության արտահերթ նիստում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարեց, որ մասնավորապես վերացվում է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստան մուտքի արգելքը, միաժամանակ նախատեսվում է, որ ՀՀ մուտք գործելիս եթե անձի նկատմամբ չի կիրառվում հոսպիտալացում, ապա վերջինը 14 օրով ինքնամեկուսացվում է։

Ըստ նախարարի, 14 օրվա ընթացքում անձը կարող է հանձնել թեստ և բացասական ելքի դեպքում մեկուսացման ռեժիմը փոխվում է։ Վերացվում է Հայաստանի ամբողջ տարածքում հավաքների ու գործադուլների արգելքը, որը փոխարինվում է թույլտվությամբ՝ սակայն որոշակի կանոնների պահպանումով։

Մասնավորապես, ըստ Բադասյանի, անհրաժեշտ է Պարետի սահմանած կարգով և պահանջների համապատասխան դիմակի կրումը և սոցիալական հեռավորության պահպանումը՝ առնվազն 1,5 մ։

Մեղմացվում են նաև ընտանեկան արարողության և ժամանցային բնույթի միջոցառումների անցկացման սահմանափակումները՝ թե բաց, թե փակ տարածքներում, բայց 40 մասնակիցներով։

«Թույլատրվում է դրանց կազմակերպումը, անցկացումը, և մասնակցությունը թե՛ բաց, թե՛ փակ տարածքներում, բայց ոչ ավելի քան 40 մասնակցով և պահպանելով պարետի կողմից սահմանված անվտանգության կանոնները», - հավելեց Բադասյանը։

«Վերջին շրջանում ամենաշատ դժգոհությունները կապված են հավաքների սահմանափակումների հետ, և այս որոշմամբ մենք գործնականում հավաքների սահմանափակումները հանում ենք, սակայն հակահամաճարակային կանոնները պարտադիր պետք է պահպանվեն։ Այսինքն՝ ՀՀ-ում կարող են տեղի ունենալ ցույցեր, երթեր, հանրահավաքներ՝ պայմանով, որ մասնակիցները կլինեն դիմակով և 1,5 մ հեռավորությունը պահպանելով», - նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Միաժամանակ, վարչապետը ընդգծեց, որ եթե թուլացումների արդյունքում կորոնավիրուսով հաստատված դեպքերի թվի աճ տեղի ունենա, ապա կառավարությունը ստիպված է լինելու դարձյալ անցնել սահմանափակումների։

  • Կիսվել: