երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանում անհրաժեշտ է արգելել արտերկրում կազմակերպվող առցանց խաղարկություններին մասնակցելու հնարավորությունը. փոխնախարար

Հայաստանում անհրաժեշտ է արգելել արտերկրում կազմակերպվող առցանց խաղարկություններին մասնակցելու հնարավորությունը. փոխնախարար

Հայաստանում անհրաժեշտ է արգելել արտերկրում կազմակերպվող առցանց խաղարկություններին մասնակցելու հնարավորությունը։ Այս մասին այսօր ԱԺ-ում «Շահումով խաղերի, ինտերնետ խաղադրույքների և խաղատների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Ավագ Ավանեսյանը։

Բացի այդ, ըստ նրա, անհրաժեշտ է արգելել այդ խաղերի գովազդը Հայաստանի Հանրապետության տարածքում և հանրապետությունում հասանելի բոլոր ինտերնետային տիրույթներում։ Արգելափակման դեպքերն ու կարգը կորոշի կառավարությունը։

«Սա վերաբերելու է այն կազմակերպություններին, որոնք չունեն երկրի օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա»,- ասաց Ավանեսյանը։

Նախագծի համաձայն՝ արտասահմանյան երկրներում կազմակերպված խաղային կայքերը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունները, արգելափակման կենթարկվեն հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորների կողմից, որոնք տրամադրում են ինտերնետ հասանելիության ծառայություններ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով և ժամկետներում՝ հիմնվելով արգելափակման ենթակա՝ լիազոր մարմնի (Հատուկ հանձնաժողովի) ղեկավարի կողմից հաստատված կայքերի ցանկի վրա։

Այս պահանջների խախտման դեպքում ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող օպերատորները պատասխանատվության կենթարկվեն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի շրջանակներում։

 

  • Կիսվել: