Հայաստանից 209 դիմորդ է անվճար հիմունքներով ընդունվել ռուսական բուհեր
Սեպտեմբերին Հայաստանից 209 դիմորդներ կսկսեն ռուսական բուհերում սովորել անվճար հիմունքներով։ Այս մասին հայտնեցին Երևանի Ռուսական տանը տեղի ունեցած միջոցառման ժամանակ։
Դիմորդների ընտրած հիմնական մասնագիտություններն են բժշկությունը, տնտեսագիտությունը և միջազգային հարաբերությունները: Դիմումներ են ներկայացվել Մոսկվայի Սեչենովի անվան Առաջին պետական բժշկական համալսարան, Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարան, Տնտեսագիտության բարձրագույն դպրոց, ինչպես նաև մի շարք տարածաշրջանային բուհեր:
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշեց, որ այս տարի ընտրության չափորոշիչներն ավելի խիստ են եղել, քան նախկինում:
«Եթե դուք հաղթահարել եք քննաշրջանը և ընդունվել, կեցցե’ք։ Վստահ եմ, որ Ռուսաստանում պատվով կկրեք ուսանողի կոչումը», - ասաց նա։
Դիվանագետի խոսքով՝ Ռուսաստանում սովորելը ոչ միայն կրթվելու, այլև նոր ծանոթություններ, միջմշակութային հաղորդակցություն ձեռք բերելու և երկրի բազմազգ մշակույթին հաղորդակից լինելու հնարավորություն է:
ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանն իր հերթին համոզմունք հայտնեց, որ կրթական ծրագրերին հայ ուսանողների մասնակցությունը կնպաստի հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանը:
«Դուք կարող եք դառնալ ձեր երկրի դեսպանները, ստանալ որակյալ կրթություն և օգուտ բերել հասարակությանը», - ասաց նա:


