կիրակի, օգոստոս 23
23 / 8 / 2026
Հայաստանի ուսանողների համար Ռուսաստանի բուհերում քվոտաները կավելանան․ ՌԴ դաշնության խորհրդի փոխխոսնակ

Հայաստանի ուսանողների համար Ռուսաստանի բուհերում քվոտաները կավելանան․ ՌԴ դաշնության խորհրդի փոխխոսնակ

Հայաստանից 2000-ից ավելի ուսանողներ ներկայումս սովորում են ռուսական բուհերում, և նրանց համար նախատեսված քվոտաները հետագայում կավելանան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ դաշնության խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովը Ռուսաստանի և Հայաստանի միջխորհրդարանական հանձնաժողովի նիստում՝ նվիրված երկու երկրների գիտակրթական համագործակցությանը։

«Այսօր Հայաստանում գործում են ռուսական բուհերի երեք մասնաճյուղեր, ինչպես նաև Ռուս-հայկական պետական ​​համալսարանը։ Ռուսական բուհերում սովորում է ավելի քան 2000 հայ ուսանող։ Միևնույն ժամանակ, Հայաստանից ուսանողների քվոտաների թիվը տարեցտարի ավելանում է և ապագայում էլ ​​կավելանա», - ասել է սենատորը։
 

Վորոբյովը նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի կրթական հաստատությունների կողմից ներկայում իրականացվում է ավելի քան 38 համատեղ ծրագիր։ Որպես միջբուհական հաջող համագործակցության օրինակ Վորոբյովը նշել է 2021 թվականին մեկնարկած՝ Սանկտ Պետերբուրգի Պետրոս Մեծի պոլիտեխնիկական համալսարանի և Ռուս-հայկական պետական ​​համալսարանի ասպիրանտուրայի համատեղ ծրագիր բացելու նախագիծը։

Բացի այդ, նրա խոսքով, գիտական ​​համագործակցության պայմանագիր կա Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի և Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի միջև։

«Համաձայնագրի ճանապարհային քարտեզը ներառում է շուրջ 60 համատեղ ծրագրեր և հետազոտություններ, որոնց թվում է Սևանա լճի ներկա վիճակի էկոլոգիական-կենսաբանական համապարփակ գնահատականը՝ լուծելու լճի ջրային ռեսուրսների պահպանության և ռացիոնալ օգտագործման խնդիրը», - ասել է Դաշնության խորհրդի փոխնախագահը։

  • Կիսվել: