շաբաթ, փետրվար 27
27 / 2 / 2021
Հայաստանի մի շարք ավտոճանապարհներ փակ են. Լարսի ռուսական կողմում 730 բեռնատար է կուտակվել

Հայաստանի մի շարք ավտոճանապարհներ փակ են. Լարսի ռուսական կողմում 730 բեռնատար է կուտակվել

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար, Տավուշի մարզի Նոյեմբերյան-Ջուջևան ավտոճանապարհը և Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան-Սևան ավտոճանապարհի 13-27-րդ կմ-երին, Գեղարքունիքի մարզի բոլոր ճանապարհներին, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում (դժվարանցանելի) տեղ-տեղ մերկասառույց է:

Արագածոտնի, Արարատի, Սյունիքի, Կոտայքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Շիրակի մարզերում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում (մերկասառույց, մառախուղ) տեղում է ձյուն։

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ավտոճանապարհները դժվարանցանելի են։

Վրաստանի ներքին գործերի նախարարության ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ՀՀ ԱԻՆ-ի ստացած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար. ճանապարհի ռուսական կողմում կուտակվել է 730 բեռնատար ավտոմեքենա:

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

ՀՀ ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 

  • Կիսվել: