ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանի մարզերի աշակերտները մասնակցել են կրթության հիմնախնդիրների թեմայով ֆորումին

Հայաստանի մարզերի աշակերտները մասնակցել են կրթության հիմնախնդիրների թեմայով ֆորումին

«Հայաստանի Հանրապետության կրթության 2021-2025 թվականների զարգացման ռազմավարության» մշակման աշխատանքների շրջանակում ՀՀ Սյունիքի, Տավուշի և Լոռու մարզերի քաղաքային և գյուղական համայնքների ավագ և միջնակարգ դպրոցների 100-ից ավելի աշակերտների հետ կազմակերպվել են քննարկումներ՝ «Հայաստանի Հանրապետությունում կրթության հեռանկարներն ու հիմնախնդիրները» խորագրով:

Ֆորումը կազմակերպել են «Գործընկերություն և ուսուցում», «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» և «Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն» հասարակական կազմակերպությունները՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցության արդյունքում:

Տարիքային առանձնահատկությունների սկզբունքների պահպանման միջազգային լավագույն փորձի կիրառմամբ հանրային մասնակցության մեթոդաբանությամբ ծավալված քննարկումների ընթացքում աշակերտներին հնարավորություն է տրվել արտահայտելու իրենց տեսակետները կրթության ոլորտում առկա խնդիրների և դրանց լուծումների մասին, ներկայացնելու ապագայի դպրոցի իրենց տեսլականը:

Կառուցողական և բովանդակալից քննարկումների արդյունքում աշակերտները հանդես եկան հետաքրքիր և նորարարական բազմաթիվ առաջարկներով, մասնավորապես, կարևորելով ներառական, աշակերտակենտրոն և անվտանգ միջավայրի ձևավորումը, դասավանդման արդիական մեթոդների կիրառումը, դասագրքերի բեռնաթափումը, կրթական համակարգի արդյունավետության բարձրացումը՝ ապահովելու արդյունավետ և ստեղծարար սովորելու միջավայրի վերափոխմանը համարժեք կառավարման տեղեկատվական և այլ գործիքներ, դերերի և պարտականությունների արդյունավետ բաշխում համակարգի մասնակիցների միջև և այլն:

  • Կիսվել: