կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայաստանի էլեկտրական ցանցերը ներկայացրել է էլեկտրաանվտանգության կանոնները

Հայաստանի էլեկտրական ցանցերը ներկայացրել է էլեկտրաանվտանգության կանոնները

Հայաստանի էլեկտրական ցանցերը ներկայացնում է էլեկտրաանվտանգության կանոններ, որոնց պետք է հետևել.

՛՛Զգուշացե՛ք բոլոր տեսակի էլեկտրալարերից՝ շենքի տանիքին, նկուղում, փողոցում, օդապարուկով, գնդակով խաղալիս կամ ձկնորսության ժամանակ. ոչինչ չպետք է դիպչի լարերին: Չի՛ կարելի խաղալ, խարույկ վառել, դյուրավառ նյութեր շարել էլեկտրալարերի մոտ և օդային գծերի տակ:

Ոչ մի դեպքում ձեռք մի՛ տվեք վնասված վարդակներին և պոկված, ընկած կամ կախված էլեկտրալարերին, քանի որ դրանցում կարող է էլեկտրական լարում լինել։

Եթե պայթյուն եք լսում հեռուստացույցից կամ մեկ այլ էլեկտրական սարքից, կամ էլ կայծեր են թռչում դրանցից, խուճապի մի՛ մատնվեք: Ձեռք մի՛ տվեք խրոցին և դրա մասին շտապ հայտնե՛ք մեծերին:

Տնից դուրս գալիս անպայման անջատե՛ք էլեկտրական սարքերը:

Լոգարանում էլեկտրական սարքեր մի՛ միացրեք. հատակին թափված ջուրը կարող է էլեկտրականության հաղորդիչ դառնալ: Խուսափե՛ք թաց ձեռքերով հոսանքին մոտենալուց:

Էլեկտրական հոսանքի բաշխիչ ենթակայանների կամ այլ շենքերի պատերին, մուտքերում տեղադրված խցիկների վրա հանդիպող հատուկ նշանը զգուշացնում է, որ հարկավոր է հեռու մնալ այդ տարածքից ու խաղալու համար այլ վայր գտնել: Չի կարելի պոկել այդ նշանները և վտանգել մյուսների կյանքը:

Ուշադի՛ր և զգույշ եղեք նաև կայծակի ժամանակ: Փակե՛ք դռներն ու պատուհանները, անջատե՛ք էլեկտրական սարքերը, առաջին հերթին հեռուստացույցը, որովհետև կայծակը շատ է սիրում հարվածել սուր ծայրեր ունեցող երկաթներին, ինչպիսին հեռուստացույցի ալեհավաքներն են: Եթե փողոցում եք գտնվում, ապա փորձեք տուն կամ ավտոմեքենայի մեջ մտնել: Խուսափեք մենավոր ծառերից, էլեկտրալարերից, կանգառների ծածկերից ու մետաղյա իրերից: Մի՛ մոտեցեք լճերին ու գետերին:

Եթե տեսնում եք, որ մեկ այլ երեխա խախտում է անվտանգության կանոնները, կանգնեցրե՛ք նրան, զգուշացրե՛ք վտանգի մասին, եթե դա չի օգնում, հայտնե՛ք մեծերին: Այդպես գուցե դուք փրկում եք նրա կյանքը:

Էլեկտրականության հետ կապված ցանկացած վտանգավոր թվացող բան տեսնելիս անմիջապես զանգահարե՛ք 1-80 հեռախոսահամարով և տեղյակ պահեք «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աշխատակիցներին՛՛:

  • Կիսվել: