ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
Վրաստանը շարունակելու է ներդրումներ անել համատեղ մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ.Գաբունիան՝ Անդրեասյանին

Վրաստանը շարունակելու է ներդրումներ անել համատեղ մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ.Գաբունիան՝ Անդրեասյանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն  ընդունել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Գիորգի Գաբունիայի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն։

Ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարարը կարևորել է Հայաստան-Վրաստան պատմականորեն ձևավորված բարեկամական համագործակցությունը։ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացման համար անհրաժեշտ է ընդլայնել համատեղ ծրագրերը՝ հատկապես կրթության և մշակույթի ոլորտներում։

Նախարարը կարևորել է երկու երկրներում անցկացվող մշակութային միջոցառումները՝ ընդգծելով հունիսի 5-7-ը Հայաստանում կազմակերպված Վրաստանի մշակույթի օրերը։ Նրա խոսքով՝ միջոցառումներն աչքի են ընկել կազմակերպչական բարձր մակարդակով, բազմազան և հետաքրքիր ծրագրով և հնարավորություն են ընձեռել հայ հանրությանը նորովի ծանոթանալու հարևան երկրի մշակութային հարուստ ժառանգությանը։

Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Գիորգի Գաբունիան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության, ինչպես նաև Վրաստանի մշակույթի օրերի պատշաճ կազմակերպմանն աջակցելու համար։ Նշելով երկու երկրների մշակութային համագործակցության ներուժը՝ Գաբունիան կարևորել է ստեղծագործական խմբերի, նկարիչների, երաժիշտների, կինոգործիչների և ճարտարապետների միջև մշակութային պատվիրակությունների կանոնավոր փոխանակումը։

Գաբունիան անդրադարձել է նաև Թբիլիսիում գործող Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի վերակառուցման աշխատանքներին՝ նշելով, որ Վրաստանի կառավարությունը շարունակելու է ներդրումներ կատարել համատեղ մշակութային ժառանգության պահպանման ու զարգացման ուղղությամբ։

Ժաննա Անդրեասյանը երախտագիտություն է հայտնել հայկական թատրոնի ենթակառուցվածքային պայմանների բարելավմանն ուղղված աշխատանքների համար՝ ընդգծելով, որ ԿԳՄՍ նախարարությունը ևս շարունակում է աջակցել թատրոնին՝ ներկայացումների կազմակերպման և այլ նախաձեռնությունների իրագործման հարցում։ Նախարարը համոզմունք է հայտնել, որ թատրոնի նոր շենքում ձևավորվող մշակութային համապատասխան միջավայրը կնպաստի թատերական կյանքի ակտիվացմանը, հետագա զարգացմանը և հանրայնացմանը։

Նախարարն անդրադարձել է նաև նախորդ տարի հայ և վրացի կատարողների մասնակցությամբ Իջևանում անցկացված «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնին, որը մեծ հետաքրքրություն էր առաջացրել նաև Վրաստանում:

Կողմերը կարևորել են նաև երիտասարդների ներգրավվածությունը համատեղ նախաձեռնություններում։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։ Մասնավորապես՝ քննարկվել է ուսանողների և դասախոսների ակադեմիական շարժունության ծրագրերի իրականացման հնարավորությունը՝ ուղղված երկու երկրների կրթագիտական կապերի խորացմանը։

  • Կիսվել: