չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Հայ խորհրդարանականները իսպանացի գործընկերներին են ներկայացրել Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը

Հայ խորհրդարանականները իսպանացի գործընկերներին են ներկայացրել Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը

Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հրավերով ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 25-27-ը աշխատանքային այցով եղել է Իսպանիայի Թագավորությունում` Մադրիդում: Պատվիրակության կազմում ընդգրկված են եղել պատգամավորներ Մարիա Կարապետյանը, Լենա Նազարյանը և Լիլիթ Գալստյանը:

Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից՝ այցի ընթացքում խորհրդարանականները հանդիպումներ են ունեցել Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի արտաքին հարցերի հանձնաժողովի անդամների հետ` նախագահ Պաու Մարի Կլոսեի գլխավորությամբ, ինչպես նաև ԵԱՀԿ ԽՎ-ում Իսպանիայի խորհրդարանի պատվիրակության ղեկավար, Հարավային Կովկասում ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Պերե Ժոան Պոնսի և պատվիրակության անդամների հետ: Հանդիպումներին մասնակցել է նաև Իսպանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սոս Ավետիսյանը:

Հանդիպումների ընթացքում գոհունակությամբ արձանագրվել է հայ-իսպանական երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան:

Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Պաու Մարի Կլոսեն կարևորել է ՀՀ ԱԺ պատվիրակության այցը Իսպանիա և միջխորհրդարանական շփումների ակտիվացումը: Նա նշել է, որ մի քանի օր առաջ պատիվ է ունեցել ներկա լինել Մադրիդի Կոմպլուտենս համալսարանում հայագիտության ամբիոնի բացման արարողությանը:

Սարգիս Խանդանյանը բարձր է գնահատել Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի կողմից Հայաստանին համերաշխություն և աջակցություն, ինչպես նաև Լաչինի միջանցքի արգելափակման և դրա հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի կապակցությամբ մտահոգություն հայտնող հայտարարությունների միաձայն ընդունումը: Կարևորվել է Հայաստանում ԵՄ մշտադիտարկման քաղաքացիական առաքելության տեղակայումը: ԱԺ պատվիրակության ղեկավարը հույս է հայտնել, որ ԵՄ խորհրդում Իսպանիայի առաջիկա նախագահությունը կնպաստի Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը: Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանն առնչվող հարցեր:

Պատվիրակության անդամները հանգամանալից ներկայացրել են Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը` անընդունելի համարելով միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղակայումը: Այս համատեքստում ընդգծվել է Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղման անհրաժեշտությունը:

ԵԱՀԿ ԽՎ-ում Իսպանիայի պատվիրակության հետ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև վեհաժողովի շրջանակում երկու երկրների պատվիրակությունների համագործակցությանը և Վանկուվերում կայանալիք առաջիկա տարեկան նստաշրջանի աշխատանքներին վերաբերող հարցեր:

  • Կիսվել: