Նեպալի և Չինաստանի սահմանին ավերիչ ջրհեղեղներից հետո անհետ կորել են 34 երկրների զբոսաշրջիկներ
Շուրջ 34 երկրի քաղաքացիներ անհետ կորած են համարվում Նեպալի և Չինաստանի սահմանամերձ շրջանում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո, տեղեկացնում է Associated Press-ը։
Նշվում է, որ վերջին տվյալներով՝ տարերային աղետի հետևանքով զոհվել է առնվազն 359 մարդ, ավելի քան 1,3 հազարը շարունակում են անհետ կորած մնալ: Անհետ կորածների թվում են զբոսաշրջիկներ, թրեքինգային խմբերի մասնակիցներ, ուխտավորներ, ինչպես նաև տեղի բնակիչներ և ուժային կառույցների աշխատակիցներ։ Նեպալի զբոսաշրջության ազգային խորհուրդը հայտնել է, որ երկրում որոնվում են 33 երկրների 517 օտարերկրյա քաղաքացիներ։ Բացի այդ, Նեպալի տարածքում անհետ կորել են Չինաստանի շուրջ 100 քաղաքացիներ։
Օտարերկրացիների թվում, որոնց ճակատագիրը մնում է անհայտ, Հնդկաստանի, ԱՄՆ-ի, Ուկրաինայի, Մալայզիայի, Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Հարավային Կորեայի, Սինգապուրի, Գերմանիայի, Ռուսաստանի, Հարավային Աֆրիկայի, Լատվիայի, Ճապոնիայի, Նոր Զելանդիայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Իսպանիայի, Իտալիայի, Ղազախստանի, Պորտուգալիայի, Իռլանդիայի, Նիդերլանդների, Բելառուսի, Ֆինլանդիայի, Հունգարիայի, Իսրայելի, Լիտվայի, Ֆիլիպինների, Բուլղարիայի, Շվեյցարիայի, Սերբիայի և Շվեդիայի քաղաքացիներ են:
Օտարերկրյա քաղաքացիների շրջանում ամենաշատ անհետ կորածները Հնդկաստանի քաղաքացիներ են՝ 178 մարդ։
Հիշեցնենք, որ աղետալի ջրհեղեղները Նեպալի և Տիբեթի սահմանամերձ շրջանների վրա հասան օգոստոսի 26-ին՝ սառցադաշտի փլուզումից և դրան հաջորդած սառույցի, քարերի ու ցեխի հսկայական զանգվածի սահումից հետո։ Հոսքերը ավերել են բնակավայրեր, ճանապարհներ և կամուրջներ։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են, սակայն դրանց իրականացումը բարդանում է ավերված ենթակառուցվածքների և տուժած շրջանների դժվարամատչելիության պատճառով։



