հինգշաբթի, օգոստոս 27
27 / 8 / 2026
Լեհաստանը ԵՄ-ից պահանջում է տուգանել Meta-ին 250 միլիոն եվրոյով

Լեհաստանը ԵՄ-ից պահանջում է տուգանել Meta-ին 250 միլիոն եվրոյով

Լեհաստանի թվային հարցերով նախարարը հայտարարել է, որ խնդրել է Եվրահանձնաժողովին 250 միլիոն եվրոյի չափով տուգանք սահմանել Meta-ի նկատմամբ՝ մեղադրելով սոցիալական մեդիա ընկերությանը խարդախ գովազդների դեմ պատշաճ կերպով չպայքարելու մեջ։

«Չնայած Լեհաստանի համապատասխան մարմինների և կիբերանվտանգության համար պատասխանատու թիմերի կողմից բազմիցս ուղարկված հաղորդագրություններին, Meta-ն դեռևս արդյունավետ և համարժեք արձագանք չի տալիս խարդախ գովազդներին, - X-ում գրել է նախարար Քշիշտոֆ Գավկովսկին։ 

Եվրոպական հանձնաժողովին ուղղված նամակում նշվում է, որ CERT Polska-ի՝ կիբերանվտանգության միջադեպերին արձագանքման ազգային խմբի կողմից անցկացված թեստերի արդյունքում հայտնաբերվել է 122 գովազդ, որոնք դասակարգվել են որպես խարդախ։

«106 դեպքում, կամ հաղորդումների 86.8%-ում, Meta-ն գործն ավարտել է գովազդը չհեռացնելու որոշմամբ։ Միայն 10 գովազդ է հեռացվել, իսկ 6 դեպքում որևէ արձագանք չի տրամադրվել։ Ես նաև կոչ եմ անում Meta-ին անհապաղ ներդնել արդյունավետ գործիքներ՝ խարդախությունները, կեղծ գովազդը և անօրինական հավելվածների առաջխաղացումը վերացնելու համար», - ասել է նախարարը։

Meta Platform-ը քննադատությունների էր արժանացել այն մեղադրանքների համար, որ իր արտադրանքը վնասակար է երեխաների համար, և որ ընկերությունը մոլորեցնում է հանրությանը։

Լեհաստանում հարթակը քննադատության է ենթարկվել խարդախ գովազդներին արդյունավետորեն չարձագանքելու համար, և  միլիարդատեր Ռաֆալ Բրզոսկան դատի էր տվել կեղծ գովազդների համար։

Բրզոսկայի կողմից ներկայացված դատական ​​​​հայցում Վարշավայի վերաքննիչ դատարանը 2026 թվականի ապրիլին որոշել էր, որ Meta-ն պատասխանատու է իր հարթակներում տեղադրված գովազդների համար։ Դատարանում հարթակը պնդել է, որ պատասխանատու չէ իր օգտատերերի խարդախ գործողությունների համար։

  • Կիսվել: