երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայ գերիներին ազատ արձակելու ամերիկյան բանաձևի հեղինակն այցելել է Սյունիք

Հայ գերիներին ազատ արձակելու ամերիկյան բանաձևի հեղինակն այցելել է Սյունիք

Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը հանդիպում է ունեցել Կալիֆոռնիայի նահանգի Դեմոկրատական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ և Լոս Անջելեսի Դեմոկրատական կուսակցության ընտրված անդամ (ներկայացնում է 43-րդ ընտրատարածքը) Էլեն Ասատրյանի հետ։
 
Նա Սյունիք է այցելել մարզում հետպատերազմյան շրջանում ստեղծված վիճակի մասին ճշգրիտ տեղեկություններ ստանալու ու այն հայ համայնքին ներկայացնելու համար, եղել է սահմանամերձ մի շարք գյուղերում, հանդիպել բնակիչներին, այցելել դպրոցներ։
 
Սահմանամերձ բնակավայրերի խնդիրները գրանցելով ու փորձելով հասկանալ, թե ինչով կարող է սփյուռքն օգնել, նա ցանկանում է ակտիվացնել հարաբերությունները Սյունիքի ու իր ընտրատարածքի հայ համայնքի միջև ու աջակցության ծրագրեր կյանքի կոչել, որոնք կառնչվեն տարբեր ոլորտների։ Էլեն Ասատրյանը շահագրգռված է նաև վերականգնելու Կապան-Գլենդել քույր քաղաքների ակտիվ համագործակցությունը։
 
Նա իր ընտանիքի հետ Հայաստանից Գլենդել է տեղափոխվել 10 տարեկանում ու հասարակական, քաղաքական ակտիվ գործիչ է, մարդու և քաղաքացիական իրավունքների պաշտպան։
 
Մայիսի 2-ին Կալիֆոռնիայի Դեմոկրատական կուսակցությունն ընդունել էր Էլեն Ասատրյանի հեղինակած բանաձևը, որը դատապարտում է Արցախի վրա հարձակումն ու 44-օրյա պատերազմի ռազմական հանցագործությունները, հորդորում Միացյալ Նահանգների Կոնգրեսին, Բայդենի վարչակազմին պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ, պահանջում Ադրբեջանի իշխանությունից անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և պահվող այլ անձանց:
 

 
 

  • Կիսվել: