կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հաստատվել են մանկատների շրջանավարտների դրամական աջակցության և բնակելի տարածության վարձավճարի հատուցման կարգերը

Հաստատվել են մանկատների շրջանավարտների դրամական աջակցության և բնակելի տարածության վարձավճարի հատուցման կարգերը

Գործադիրը հաստատել է ՀՀ-ում գործող՝ երեխաներին շուրջօրյա խնամք տրամադրող՝ բնակչության սոցիալական պաշտպանության պետական հաստատությունների (մանկատների)՝ 18 տարին լրացած և հաստատությունից դուրս գրված շրջանավարտների դրամական աջակցության և բնակելի տարածության վարձավճարի հատուցման կարգերը և լրացումներ ու փոփոխություններ կատարել մի շարք որոշումներում:

Որոշման նպատակն է աջակցել մանկատան շրջանավարտներին ինքնուրույն կյանքի անցման փուլում։

Ըստ հիմնավորման՝ մանկատան շրջանավարտը ներկայումս չունի սեղմ ժամկետում սոցիալական երաշխիքներ ստանալու հնարավորություն։ Հաստատությունից դուրս գրվելուց հետո շրջանավարտի առաջնային կարիքներից են կացարանի և կեցության խնդիրները։

Վերջին տարիների մանկատան շրջանավարտներին բնակարանով ապահովման (բնակարանի գնման վկայագիր, բնակարանի նվիրաբերություն) գործող պետական ծրագրեր այժմ առկա չեն, իսկ պետական սոցիալական բնակարանային ֆոնդում անհատույց օգտագործման իրավունքով տրվող առկա կացարանների թիվը պակաս է, քան շահառուների թիվը, որի արդյունքում ձևավորվել է շահառուների հերթացուցակ։ Ուստի, մինչև պետական նոր ծրագրերի գործարկումը կամ սոցիալական բնակարանային ֆոնդի կացարանների թվի ավելացումը, առաջարկվում է մանկատան շրջանավարտներին տրամադրել բնակարանի վարձավճարի հատուցում։

Կառավարությունը նաև փոփոխություններ է կատարել ՀՀ մանկատան շրջանավարտների համար իրականացվող բնակարանի գնման վկայագրերի տրամադրման վերաբերյալ որոշման մեջ՝ գործընթացում դեռևս առկա որոշ խնդիրներ լուծելու նպատակով:

Ըստ այդմ՝ առաջարկվում է փոփոխություններ կատարել որոշման մեջ, որով կկարգավորվի բնակարանի գնման վկայագիր ստացած, սակայն մինչ օրս անհրաժեշտ գործընթացներն ավարտին չհասցրած մանկատան շրջանավարտների և սաների բնակարան ձեռք բերելու ժամկետի հարցը՝ շուրջ 30 շահառու: Միջոցառման շրջանակում ՀՀ մանկատան 300 շրջանավարտի բնակարանի գնման վկայագիր տրամադրելու նպատակով պետբյուջեից հատկացվել է 1.9 մլրդ դրամ, սակայն մինչ օրս բնակարանի գնման վկայագիր ստանալու իրավունք է ձեռք բերել 286-ը։

 

  • Կիսվել: