ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Վարչապետ Փաշինյանը ներկա է գտնվել ԵՊՀ-ի շրջանավարտների ավարտական միջոցառմանը (տեսանյութ)

Վարչապետ Փաշինյանը ներկա է գտնվել ԵՊՀ-ի շրջանավարտների ավարտական միջոցառմանը (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Երևանի պետական համալսարանի շրջանավարտների ավարտական միջոցառմանը:

Վարչապետը, ողջունելով ներկաներին, շնորհավորել է նրանց հիշարժան այս օրվա առթիվ: «Կարծում եմ՝ Երևանի պետական համալսարանն ավարտելը շատ կարևոր իրադարձություն է յուրաքանչյուր ուսանողի կյանքում: Ուզում եմ բոլորիս հիշեցնել, որ Հայաստանի՝ մինչև 2050 թվականի վերափոխման ռազմավարության մեջ մենք խնդիր ենք առաջադրել, որ առնվազն երեք հայաստանյան բուհ պետք է տեղ գտնի բուհերի միջազգային ռեյտինգի առաջին 200 հորիզոնականում: Կարծում եմ՝ պետք է արձանագրենք, որ Երևանի պետական համալսարանը, բնականաբար, այս ցուցանիշի ապահովման ամենակարևոր հավակնորդներից մեկն է: Ընդհանուր առմամբ մենք չենք դադարում կրկնել, որ կրթությունը և կրթության ոլորտի բարեփոխումներն ամենառազմավարական ուղղություններն են, որոնք պիտի զարգացնեն Հայաստանի կառավարությունը և Հայաստանի Հանրապետությունը: Ասվածում որևէ չափազանցություն չկա, որովհետև ինչպես համոզված եմ, այնպես էլ շարունակում եմ համոզված մնալ, որ մեր հանրային կյանքի որևէ ոլորտում, որևէ խնդրի առնչվելիս և այդ խնդրի ծագումնաբանությունը հայտնաբերելու փորձեր անելուց մենք անպայման տեսնում ենք կրթության ոլորտում ունեցած այս կամ այն խնդիր: Շատ կարևոր է, որ մենք ահա այս և այս կարգի միջոցառումները ոչ միայն օգտագործենք իրար շնորհավորելու, այլև մեր առաջիկա ապագա անելիքները ճշգրտելու, այդ օրակարգի իրականացման համար անհրաժեշտ նոր եռանդով տոգորվելու համար:

Ընդհանրապես այն դրական բարեփոխումները և փոփոխությունները, որոնց մասին խոսում ենք, ես միշտ համեմատում եմ հրթիռի հետ. երբ հրթիռը երկրից պոկվում է՝ կա առաջին աստիճանը շարժիչների, որը սպառվելուց հետո բաց է թողնվում, հետո կա երկրորդ աստիճանը, հետո երբեմն լինում է նաև երրորդ աստիճանը: Ես կարծում եմ, որ մենք մեր բուհական համակարգն ահա այսպիսի տրամաբանությամբ զարգացնելու անհրաժեշտության առաջ ենք կանգնած։ Մեր բուհական համակարգը, կարծես, արդեն սպառել է առաջին աստիճանի շարժիչները, և կարծում եմ՝ եկել է ժամանակը գործարկելու երկրորդ աստիճանի շարժիչները՝ նոր արագություն, նոր որակ, նոր բովանդակություն ստանալու համար։ Ես հույս ունեմ և համոզված եմ, որ այսօրվա մեր շրջանավարտները՝ Երևանի պետական համալսարանի, կդառնան նաև այն շարժիչ ուժը, որը մեզ համար կրթության ոլորտի բարեփոխումները կդարձնի առավել կարևոր, առավել բովանդակալից և առավել պահանջված։

Ուզում եմ ևս մեկ անգամ այս տոնական առիթով գնահատանքի խոսքեր ասել Երևանի պետական համալսարանի բոլոր այն դասախոսներին, ովքեր այսօրվա մեր շրջանավարտներին օժտել են այնպիսի հմտություններով, որոնք նրանց պետք է մրցունակ դարձնեն, որոնք նրանց պետք է օժտած լինեն շարունակաբար իրենց երազանքների հետևից քայլելու, և այնպիսի հմտություններով, որոնք յուրաքանչյուրին իր երազանքների հետևից գնալիս կօգնեն, որ ինքն իր հետևից տանի նաև այլ մարդկանց, ինքն իր հետևից տանի երկիրը, հայրենիքը, պետությունը։

Սիրելի շրջանավարտներ, կրկին շնորհավորում եմ բոլորիդ և շնորհակալություն եմ հայտնում ձեզ կրթությունը փոխելու և փոխվելու կարողությանը ձեր նվիրվածության համար։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր դասախոսներին, պրոֆեսորադասախոսական կազմին, Երևանի պետական համալսարանին կատարված աշխատանքի համար: Ուզում եմ բոլորիս ուժ, կամք և եռանդ մաղթել՝ մտածելու, խորհելու, որոշելու, առաջ շարժվելու այս ժամանակներում, մտածելու, խորհելու, որոշումներ կայացնելու, առաջ շարժվելու ուժ և կամք ունենալու իմաստով»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետ Փաշինյանը ԵՊՀ մի շարք ներկայացուցիչների հանձնել է պարգևներ: Մասնավորապես, ՀՀ վարչապետի հուշամեդալով են պարգևատրվել՝ ԵՊՀ ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնի ղեկավար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Շուքուրյանը, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դեկան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, կենսաբ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էմիլ Գևորգյանը, ԵՊՀ ակադեմիկոս, Գ. Սահակյանի անվան տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արամ Սահարյանը, ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դե կան, ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խաչատուր Ներկարարյանը, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի դոկտոր, պրոֆեսոր Արթուր Վաղարշյանը:

ՀՀ վարչապետի շնորհակալագրով են խրախուսվել՝ ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Ավանեսյանը, ԵՊՀ մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ, կենսաբ. գիտությունների թեկնածու, դոցենտ Աննա Կարապետյանը, ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, պատմ. գիտությունների թեկնածու, դոցենտ Վահրամ Պետրոսյանը, ԵՊՀ անգլիական բանասիրության ամբիոնի դոցենտ, բան. գիտությունների թեկնածու Նվարդ Երնջակյանը, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ֆոտոնիկայի և արհեստակա ն բանականության գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ, ֆիզմաթ. գիտությունների թեկնածու Մուշեղ Ռաֆայելյանը:

Միջոցառման ընթացքում ելույթ է ունեցել հայազգի անվանի գիտնական, Նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանը, որին գիտության բնագավառում բացառիկ նվաճումների համար շնորհվել է ԵՊՀ պատվավոր պրոֆեսորի կոչում։

  • Կիսվել: