շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հաստատվել է մշակող արդյունաբերության ոլորտում աշխատողների ներգրավման միջոցառումը. սահմանվել նաև այլ պայմաններ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար

Հաստատվել է մշակող արդյունաբերության ոլորտում աշխատողների ներգրավման միջոցառումը. սահմանվել նաև այլ պայմաններ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար

Կառավարությունը հաստատել է մշակող արդյունաբերության ոլորտում աշխատողների ներգրավման միջոցառումը:

Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է մշակող արդյունաբերության ոլորտում տնտեսավարողների կողմից նոր կադրերի ներգրավման գործընթացում առաջացող ծախսերի և տրամադրված ռեսուրսների մեղմման, աշխատակիցների հոսունությունը կանխելու, մասնագետների որակավորումը և վերաորակավորումը արտադրությունում արդյունավետ ապահովելու անհրաժեշտությամբ:

Հիմնավորման համաձայն՝ վերջին տարիներին ակնհայտ է դարձել ոլորտում աշխատուժի ահռելի պահանջարկը, ինչը զուգորդվում է որակավորված մասնագետների պակասով, արդյունքում՝ տնտեսավարողները ստիպված իրականացնում են նոր աշխատողի որակավորման կամ վերապատրաստման գործընթացը՝ արտադրամասում, ինչը գործատուից պահանջում է ֆինանսական, տեխնիկական և տարածքային ռեսուրսներ․ տնտեսավարողը աշխատանքի է վերցնում հմտությունների պահանջներին չհամապատասխանող մասնագետի և սովորեցնելուն զուգահեռ վճարում հասանելիք նվազագույն աշխատավարձը։

Ըստ այդմ՝ առաջարկվում է փոխհատուցել 12 ամսվա եկամտային հարկի գումար մշակող արդյունաբերության ոլորտի տնտեսավարողներին՝ այն ՀՀ քաղաքացիների համար, որոնք՝ 12 ամիս անընդմեջ այդ տնտեսավարողի հետ գտնվել են աշխատանքային հարաբերությունների մեջ, աշխատանքային հարաբերությունների մեջ մտնելուն նախորդող երեք տարվա ընթացքում չեն աշխատել մշակող արդյունաբերության ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարողների հետ: Յուրաքանչյուր աշխատողի մասով տասներկու ամիսների եկամտային հարկի գումարի փոխհատուցումը սահմանվում է առավելագույնը 500.000 դրամի չափով։

Սահմանվում են նաև այլ պայմաններ 2023 թ. սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար։ Արդյունքում՝ նախատեսվում է ապահովել լրացուցիչ մոտ 3500 նոր աշխատողների ներգրավում մշակող արդյունաբերության տարբեր ոլորտներ։

  • Կիսվել: