Հաշվառված և չհաշվառված միջպետական բեռնափոխադրողների համար կսահմանվի ճանապարհի վճար
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ասաց, որ Հայաստանի Հանրապետությունում գրանցված և չգրանցված միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող անհատ ձեռներեցների, ինչպես նաև ընկերությունների համար նախատեսվում է սահմանել հավասար պայմաններով ճանապարհային վճար:
Նրա խոսքով՝ վճարի չափը կազմելու է 50 դրամ՝ 1 կիլոմետրի դիմաց, սակայն, ըստ Սիմոնյանի, օրենքը չի կիրառվելու բոլոր մեքենաների դեպքում:
Ասուլիսի բանախոսը պարզաբանեց. ՛՛2017 թվականի նոյեմբեր ամսին Հայաստանի Հանրապետությունը Եվրոպայի հետ կնքել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որի կետերից մեկը վերաբերում է ճանապարհային հարկերին ու վճարներին
Ըստ նրա՝ Հայաստանն ունեցել է որոշակի ընտրություն, թե ինչ է սահմանելու՝ ճանապարհային վճա՞ր, թե՞ հարկ: Քննարկումների արդյունքում որոշում է կայացվել սահմանել ճանապարհային վճար, ընդ որում՝ նախագիծը վերաբերում է բեռներ տեղափոխողներին:
Դասակարգման հարցն այժմ, ինչպես նշեց Սիմոնյանը, քննարկվում է նաև ըստ սռնիների, քանի որ կան բեռնատարներ, որոնք աշխատում են 3, 4 կամ 6 սռնիով
Հիշեցնենք, որն նախարարության կողմից առաջարկվող նախագծի ընդունման դեպքում օրենքն ուժի մեջ կմտնի 2021-ին:



