ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հապաղելու իրավունք այլեւս չկա. Նախարարը՝ հակածխախոտային օրենքի ուժի մեջ մտնելու մասին

Հապաղելու իրավունք այլեւս չկա. Նախարարը՝ հակածխախոտային օրենքի ուժի մեջ մտնելու մասին

Հակածխախոտային օրենքի ուժի մեջ մտնելը էլ ավելի հետաձգելու մասին առաջարկներ եւ պահանջներ եղել են, սակայն քաղաքական կամք դրսեւորվեց եւ որոշում կայացվեց, որ տնտեսավարողներին արդեն բավական ժամանակ էր տրամադրվել եւ հապաղելու իրավունք այլեւս չկա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Երբ նայում ենք՝ հակածխախոտային քաղաքականությունը այլ երկրներում որ էտապներին է հասել, մենք բավական հետ ենք մնացել», - ասաց նախարարը:

Նրա խոսքով, շատ կարեւոր է հասկանալ օրենսդրական այս կարգավորումների նպատակը. Դրանք ուղղված են ոչ թե որեւէ տնտեսվարողի գործունեությանը եւ շահին վնաս հասցնելուն, այլ մարդկանց առողջության պահպանմանը: Մասնավորապես, ծխախոտի ցուցադրման արգելքը ուղղված է երիտասարդների եւ կանանց վրա գովազդի ազդեցության նվազեցմանը: Ծխախոտային ապրանքների մոդայիկ, գունային դիզայնը ուղիղ թիրախավորում է երիտասարդներին եւ կանանց:

Ինչպես նշեց Ավանեսյանը, կարեւոր է հասկանալ, որ ծխախոտի օգտագործումը ուղիղ ազդեցություն ունի մարդու առողջության վրա եւ բարդրացնում է սրտանոթային հիվանդությունների, քաղցկեղի եւ մի շարք այլ հիվանդությունների առաջացման ռիսկը:

Հիշեցնենք, որ 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ Է մտել «Ծխախոտային արտադրատեսակների եվ դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եվ կանխարգելման մասին» օրենքը, համաձայն որի արգելվում է ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների ցուցադրումը վաճառասրահներում և հանրային սննդի օբյեկտներում:

Օրենքի պահանջները չկատարելը առաջացնում է.

 տուգանքի նշանակում՝ 200 - 250 000 դրամի չափով:

Նույն խախտումը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, առաջացնում է

տուգանքի նշանակում՝ կիրառված վարչական տույժի կրկնապատիկի չափով:

  • Կիսվել: