«Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի անդամները այցելել են «Ազատություն» ռադիոկայան
ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը գրառում է կատարել, հայտնելով, որ իր ղեկավարած կուսակցության անդամների հետ այցել է «Ազատություն» ռադիոկայանի երևանյան խմբագրություն։
Նա, մասնավորապես, գրել է․
«Քիչ առաջ «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի մի քանի անդամներով այցելեցինք «Ազատություն» ռադիոկայանի երևանյան խմբագրություն, մեր զորակցությունը հայտնելու իր մասնագիտական պարտականությունը կատարող լրագրող Արտակ Խուլյանին, օպերատոր Կարեն Չիլինգարյանին և իրենց մասնագիտական պարտականությունները անշեղորեն կատարող խմբագրության ողջ անձնակազմին։
Հայտնի դարձավ, որ լրագրողի վրա հարձակումից այսքան ժամ անց իրավապահները չեն այցելել խմբագրություն, կապ չեն հաստատվել հարձակման թիրախում հայտնված լրագրողին և օպերատորին, որևէ գործողություն չեն իրականացրել։
Կարող ենք արձանագրել, որ պետությունն ամբողջությամբ անպաշտպան է թողել ժողովրդավարությունը, ուստի անհրաժեշտ և կարևոր եմ համարում, որ մեր երկրի ժողովրդավարական բոլոր ուժերը հենց այս գիտակցմամբ կազմակերպվեն և ցույց տան, որ մեր երկրում ժողովրդավարությունը անպաշտպան չէ, որևէ ոտնձգություն ազատ խոսքի և հիմնարար այլ արժեքների նկատմամբ արժանի հակահարված է ստանալու հասարակության լայն շերտերի և ժողովրդավարությանը նվիրված քաղաքական և հասարակական միավորների կողմից»։