շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հանրային քննարկում՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց համար անկախ կյանքի կենտրոնների ստեղծման» ուղեցույցի վերաբերյալ

Հանրային քննարկում՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց համար անկախ կյանքի կենտրոնների ստեղծման» ուղեցույցի վերաբերյալ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու գործընկեր կազմակերպությունների նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Հաշմանդամություն ունեցող անձանց համար անկախ կյանքի կենտրոնների ստեղծման» ուղեցույցի վերաբերյալ հանրային քննարկում։ Միջոցառմանը մասնակցել են պետական կառույցների, շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ ու անհատներ։

Ուղեցույցը, որը մշակվել է փորձագիտական թիմի կողմից՝ «Բարելավված ծառայություններ հավասար մասնակցության և ներառական զարգացման համար» ծրագրի շրջանակում, նպատակ ունի բարելավել հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող ծառայությունները, նպաստել հավասար հնարավորությունների ապահովմանն ու ներառական զարգացմանը։

Ընդգծելով հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում իրականացվող բարեփոխումների կարևորությունն՝ ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը շեշտել է․ «Անհրաժեշտ է մեկտեղել բոլորիս ջանքերը՝ բարելավելու ոչ միայն գործող ծառայությունների որակը, այլև մատուցել նորը, որոնք պետք է լինեն հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց խնամակալների համար՝ տարիքային կենսափուլերի տրամաբանությամբ և բոլոր մարզերի ներառմամբ։ Միջոլորտային համակարգմամբ ու կառուցողական դաշտում պետք է կարողանանք լուծել խնդիրները և իրապես ապահովել ծառայությունների հասանելիությունն ու որակը»։

ՄԱԶԾ փորձագետ Մուշեղ Հովսեփյանի խոսքով՝ անկախ կյանքի կենտրոնների կողմից մատուցվող ծառայությունները ունենալու են լայն շրջանակ, որը հավասարապես հասանելի ու ընդունելի կլինի համայնքի բոլոր անդամների համար և թույլ կտա ճկուն կերպով հարմարվել հաշմանդամություն ունեցող անձանց պահանջներին։ Նա մասնակիցներին ներկայացրել է նաև ուղեցույցում ներառված ծառայությունները՝ խորհրդատվական, տեղեկատվական, բնակարանի հարմարեցման, վերականգնողական, անձնական օգնականի և այլն։ Ծառայությունների հասանելիությունը սահմանելով առաջնային՝ քաղաքային և գյուղական բնակավայրերում դրանց հասանելիության և մատչելիության վերաբերյալ քննարկվել են մի շարք մանրամասներ, շեշտվել, որ անկախ կյանքի կենտրոնների ստեղծմամբ հաշմանդամություն ունեցող անձինք կարող են վերահսկել իրենց կյանքն ու ուրիշների հետ հավասար հիմունքներով՝ կայացնել իրենց կյանքին առնչվող բոլոր որոշումները:

Հանրային քննարկման մասնակիցները մշակված ուղեցույցի վերաբերյալ ներկայացրել են անկախ կյանքի կենտրոնների իրենց պատկերացումներն ու դիտարկումները։

Քննարկումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով։

Ուղեցույցը մշակվել է փորձագիտական թիմի կողմից՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ու ՅՈՒՆԻՍԵՖ-ի «Բարելավված ծառայություններ հավասար մասնակցության և ներառական զարգացման համար» ծրագրի աջակցությամբ և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ սերտ համագործակցությամբ։

  • Կիսվել: