երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ինչո՞ւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ուղերձը չի հեռարձակվել Հանրային հեռուստաընկերությամբ․ Հայտարարություն

Ինչո՞ւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ուղերձը չի հեռարձակվել Հանրային հեռուստաընկերությամբ․ Հայտարարություն

Հանրային հեռուստաընկերությունը չի հրաժարվել հեռարձակել կաթողիկոսի ուղերձը, Մայր Աթոռի անունից  Տեր Վահրամ քահանա Մելիքյանը տեղեկացրել է, որ պահանջում են չհեռարձակել և ընդհանրապես չօգտագործել Կաթողիկոսի ուղերձի տեսագրությունը, որի հեղինակային իրավունքները պատկանում են Մայր Աթոռին: Այս մասին հայտարարություն է տարածել Հանրային հեռարձակողի խորհուրդը՝ պարզաբանելով դեկտեմբերի 31-ի կեսգիշերին մոտ Առաջին ալիքի հեռարձակումից կաթողիկոսի ելույթի բացակայության շուրջ ծավալվող քննարկումները:

«Դեկտեմբերի 31-ին Հանրային հեռուստաընկերությունը ծրագրել էր հեռարձակել Ն.Ս.Օ.Տ.Տ.  Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ուղերձը ամենադիտվող հատվածներից մեկում՝ պաշտոնական ուղերձների համար այս տարի առանձնացված  ժամին։ Կաթողիկոսի ելույթը պետք է հաջորդեր Սահմանադրությամբ պետության գլուխ հանդիսացող ՀՀ նախագահի ելույթին։

Ցավոք, դեկտեմբերի 31-ին Մայր Աթոռի անունից Տեր Վահրամ քահանա Մելիքյանը Հանրային հեռարձակողի խորհրդին տեղեկացրել է, որ անհամաձայնություն են հայտնում ուղերձների համար նախատեսված ժամի վերաբերյալ և պահանջում են չհեռարձակել և ընդհանրապես չօգտագործել Կաթողիկոսի ուղերձի տեսագրությունը, որի հեղինակային իրավունքները պատկանում են Մայր Աթոռին։

Քանի որ պահանջը միայն Հանրային հեռուստաընկերությանն էր առնչվում, Խորհրդին ենթակա «Շողակաթ» հեռուստաալիքը և Հանրային ռադիոն ուղերձը հեռարձակել են, իսկ Հանրային հեռուստաընկերության եթերի վերաբերյալ բանավոր դիմումը բավարարվել է։

Ամանորյա ուղերձների հեռարձակման վերաբերյալ Հայաստանում չկա օրենսդրական կարգավորում, և հենց դա է պատճառը, որ յուրաքանչյուր հեռուստաընկերություն ինքն է որոշում, թե երբ և ինչ հերթականությամբ հեռարձակի ուղերձները, ինչն էլ տեղի է ունեցել: Հաշվի առնելով հանրային լայն արձագանքը՝ առաջարկում ենք խնդիրը կարգավորել օրենսդրական դաշտում »,- ասված է հայտարարության մեջ:

Հանրային հեռարձակողի խորհուրդն ափսոսանք է հայտնել այս միջադեպի համար և հույս հայտնել, որ այն որևէ կերպ չի անդրադառնա Հանրայինի և Մայր Աթոռի  համագործակցության վրա։

Ավելի վաղ Մայր Աթոռը հայտարարություն էր տարածել, որ Հանրային հեռուստաընկերությունը, վերջին պահին, առանց որևէ պատճառաբանության տեղեկացրել է, որ Վեհափառ Հայրապետի ամանորյա ուղերձը եթեր չի հեռարձակվի կեսգիշերից առաջ, ինչպես և ավանդաբար ընդունված էր։

  • Կիսվել: