հինգշաբթի, հոկտեմբեր 22
22 / 10 / 2026
Գուցե Հայաստանը մտածի նաև կլիմայի COP-ը հյուրընկալելուն հավակնելու մասին. Փաշինյան

Գուցե Հայաստանը մտածի նաև կլիմայի COP-ը հյուրընկալելուն հավակնելու մասին. Փաշինյան

Հայաստանը հնարավոր է քայլեր ձեռնարկի ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության խոշորագույն համաժողովը հյուրընկալելու ուղղությամբ։

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանում COP17 համաժողովն անցկացնելու վերաբերյալ քննադատություններին:

«Մենք գիտենք, թե աշխարհում մարդիկ վեր են կենում և նրանց առաջին միտքը Հայաստանի, հայ ժողովրդի պատմական քաղաքակրթության մասին է: Հայաստանի Հանրապետությունն աշխարհում ունի շատ սահմանափակ ճանաչելիություն, COP17-ի նման միջոցառումներն այդ թվում նրա համար են, որ ճանաչելիության մակարդակը բարձրանա, ճանաչելիությունը տնտեսական գործոն է: Այդ մարդիկ թող դուրս գան Երևան քաղաք, մտնեն հյուրանոցներ, սրճարաններ, ռեստորաններ, որոնք լիքն են և տեղ չկա, խոսեն տաքսու վարորդների հետ, որոնք աշխատանքի խնդիր չունեն»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հավելեց՝ COP համաժողովների շրջանակում ամենամեծն ուղղված է կլիմայի փոփոխություններին, որը 2026 թվականի նոյեմբերին Թուրքիան է հյուրընկալելու:

«Գուցե, Հայաստանը մտածի նաև կլիմայի COP-ը հյուրընկալելու մասին: Հայաստանը դիրքավորվում է, որպես միջազգային բարձր մակարդակի հանդիպումները բարձր մակարդակով հյուրընկալող երկիր»,- նշեց Փաշինյանը:

 

 

  • Կիսվել: