հինգշաբթի, հոկտեմբեր 22
22 / 10 / 2026
Ներքաղաքական ապակայունություն հրահրելու երրորդ փորձն է նախապատրաստվում, սա լայնորեն քննարկվող գաղտնի պլանի մի մասն է. Փաշինյան

Ներքաղաքական ապակայունություն հրահրելու երրորդ փորձն է նախապատրաստվում, սա լայնորեն քննարկվող գաղտնի պլանի մի մասն է. Փաշինյան

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամ երկրներն իրավունք չունեն երկրներին հեռացնելու կազմակերպությունից. կարգավորում կա նաև ՀԱՊԿ-ի դեպքում: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանի անդամակցության կասեցման մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի անդամների ներկայացրած զեկույցին և դրա վերաբերյալ ՀՀ արձագանքին:

«Հաշվի առնելով, որ երկրները, ըստ էության, ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում համընկնում են, հետաքրքիր է՝ ինչո՞ւ, օրինակ, ՀԱՊԿ-ից Հայաստանին չեն հեռացնում, որովհետև այնտեղ կանոնադրային հնարավորությունը կա:

ԵԱՏՄ-ի հետ կապված՝ մի այսպիսի բանի վրա եմ ուզում ուշադրություն հրավիրել, իհարկե, կեսկատակ ռեժիմով, որ եթե այդպես ընկալենք, երևի մեր պատմության մեջ առաջին անգամն է, որ մետրոպոլիան մեզ ոչ թե ձգում է դեպի իրեն, այլ մեզ անուղղակի կերպով ասում են, որ ձեզ կհեռացնենք մեզնից, և նման դեպք հայ ժողովրդի պատմության մեջ նախկինում երբեք տեղի չի ունեցել: Սա նույնպես հատկանշական է արձանագրելու համար: Մնացածը կաշխատենք»,- ասաց նա:

Այս համատեքստում Փաշինյանը նաև ընդգծեց, որ Հայաստանի նկատմամբ սահմանափակումները չհանգեցրին քաղաքական ու տնտեսական առումով հետևանքների, և որ սա լինելու է ներքաղաքական ապակայունություն հրահրելու երրորդ դեպքը վերջին 3 տարիների ընթացքում:

«Առաջինը 2023 թվականի իրադարձություններն էին, երբ Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության պայմաններում… ի՞նչն էր նպատակը, մարդկանց հոսքն ուղղել դեպի Հայաստան, նաև զուգահեռաբար քաղաքական իշխանությունը փոխելու կոչեր էին հնչեցվում հայտնի տեղերից, նույն փորձը չստացվեց:

Հաջորդը 2026 թվականի հերթական խորհրդարանական ընտրություններն էին, այդ փորձն էլ չստացվեց:

Հիմա երրորդ փորձն է նախապատրաստվում: Իհարկե, անշուշտ, սա լայնորեն քննարկվող գաղտնի պլանի մի մասն է, և կարծում եմ՝ թեման շատ ակնհայտ է»,- ասաց նա՝ նկատելով, որ այս դեպքում չկա տնտեսական բաղադրիչ, գործ ունենք քաղաքական բաղադրիչի հետ, իսկ նպատակը ՀՀ-ում ներքաղաքական անկայունություն հրահրելն է, ՀՀ-ի նկատմամբ վերահսկողություն սահմանելը և, ի վերջո, ՀՀ-ին անկախությունից զրկելը:

  • Կիսվել: