«Հանրապետություն» խմբակցության անդամը հեռացվել է Երևանի կենդանաբանական այգու կառավարման խորհրդից
«Մայր Հայաստան»-ի ավագանու անդամ Արմեն Քոչարյանի նախաձեռնությամբ «Հանրապետություն» խմբակցության անդամը հեռացվեց Երևանի կենդանաբանական այգու կառավարման խորհրդից։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Արմեն Քոչարյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Հունիսի 18-ին կայացավ Երևանի կենդանաբանական այգու Կառավարման խորհրդի հերթական նիստը, որին, ինչպես նախորդ գրեթե բոլոր նիստերին, չէր մասնակցում Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ Հարություն Մանվելյանը։
Ղեկավարվելով ԵԿԱ Կառավարման խորհդրի կանոնակարգով՝ որպես Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ առաջարկեցի կասեցնել նիստերից շարունակ բացակայող «Հանրապետություն» խմբակցության անդամ Հարություն Մանվելյանի գործունեությունը Կառավարման խորհրդում։
Հարցը քննարկվելուց հետո դրվեց քվեարկության։ ԵԿԱ Կառավարման խորհրդի նիստին ներկա անդամները միաձայն կողմ քվեարկեցին իմ առաջարկին, և Կառավարման խորհրդում «Հանրապետություն» խմբակցության անդամ Հարություն Մանվելյանի գործունեությունը կասեցվեց։
ԵԿԱ Կառավարման խորհրդի որոշմամբ՝ կասեցվեց նաև Կառավարման խորհրդում Երևանի քաղաքապետի ներկայացուցիչ Միքայել Փաշայանի գործունեությունը։