երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենքների նախագծերին

Ըստ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի նպատակն է խստացնել օրենսդրությամբ նախատեսված ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու կարգի խախտման համար սահմանված պատասխանատվության միջոցները: Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է բարձրացնել ճանապարհներին եւ ճանապարհային ենթակառուցվածքներին վնասման հետեւանքով պետությանը հասցված վնասի համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված տուգանքների չափերը եւ խստացնել պատասխանատվության միջոցները: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կատարվել են տեխնիկական, խմբագրական փոփոխություններ: Ելույթներում հանձնաժողովականներն անդրադարձել են ճանապարհային գծանշանների խնդրին՝ կարեւորելով վերահսկողությունն ու նախագծերի փաթեթի ընդունումը: Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը չափազանց կարեւորել է նմանատիպ նախագծերի ընդունումից հետո պատշաճ կիրառումը՝ նշելով, որ սա առաջին անհրաժեշտ քայլերից մեկն է Հայաստանում ճանապարհային երթեւեկությունը լավարկելու համար:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները:

Առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սահմանել, որ համապատասխան ոլորտներում կատարվող իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող կամ պատասխանատվություն սահմանող մարմինն այդ ոլորտի նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինն է: Կսահմանվի նաեւ վարչական պատասխանատվության միջոցներ աշխատանքային, առողջապահության, սննդամթերքի անվտանգության, ընդերքօգտագործման ոլորտներում նախատեսված պահանջները խախտելու համար:

Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կատարված փոփոխությունները ներկայացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը: Մի շարք հոդվածներով իրավախախտման կրկնության պարագայում տվյալ արարքի համար սահմանված տուգանքի կրկնապատիկի փոխարեն նախատեսվել է սահմանել տուգանք՝ նախորդ դեպքի համար նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով: Սկզբնական նախագծով նախատեսվում էր, օրինակ, 10-50 հազար դրամի վարչական պատասխանատվություն, կրկնվելու դեպքում՝ կրկնապատիկի չափով տուգանք, սակայն չէր հստակեցվում, թե որի կրկնապատիկի չափով: Պետրոս Մարտիրոսյանը պարզաբանել է՝ առաջին անգամ որքան եղավ տուգանքը, կրկնվելու դեպքում կլինի դրա կրկնապատիկը:

Նախագծից հանվել են գործող օրենսգրքի 109-րդ հոդվածում առաջարկվող փոփոխությունները, վերանայվել են նաեւ մի շարք հոդվածներ ուժի մեջ մտնելու ժամկետները:

Գործող օրենքով Գլխավոր դատախազը պատգամավորի եւ Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրանց ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը կարող է ներկայացնել միայն Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հասմիկ Հակոբյանը եւ Արփինե Դավոյանն առաջարկում են լրացումներ կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում, ըստ որոնց՝ վերոնշյալ հարցի քննարկումը հնարավոր կլինի կազմակերպել նաեւ արտահերթ նիստ կամ նստաշրջան հրավիրելու միջոցով:

Նախաձեռնության համահեղինակ Հասմիկ Հակոբյանը նշել է, որ ուսումնասիրվել է շուրջ 30 երկրի փորձը. «Համանման հիմքեր ունեցող երկրներում մեծամասամբ հնարավորություն է ընձեռվում հարցը քննարկել արտահերթ նիստի շրջանակում»։

Առաջինից երկրորդ ընթերցում նախաձեռնությունը չի փոփոխվել:

Հարակից զեկուցողները՝ պատգամավոր Անուշ Քլոյանը եւ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը, նախաձեռնության վերաբերյալ դրական դիրքորոշում են ներկայացրել:

Կառավարության հեղինակած ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը բխում է Դատաիրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունից եւ պայմանավորված է առաջին ատյանի դատարանների դատավորներին տրվող վարձատրության համակարգի վերանայման անհրաժեշտությամբ: Նախագծի ընդունումը նպաստելու է դատավորի անկախությունը երաշխավորելուն, ինչպես նաեւ առաջին ատյանի դատարանների դատավորների առկա թափուր պաշտոնները համալրելու նպատակով համապատասխան բարձր որակավորում ունեցող մասնագետների համար գրավչություն ապահովելու անհրաժեշտությունից:

Նախագծով առաջարկվում է 60 տոկոս հավելում սահմանել Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի, Սնանկության դատարանի եւ Վարչական դատարանի դատավորների համար: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակամիջոցում Կառավարության կողմից իրականացվել է նախագծի լրամշակում, որով առաջարկվել է Վերաքննիչ քրեական դատարանի, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի եւ Վերաքննիչ վարչական դատարանի դատավորներին սույն օրենքով սահմանված կարգով եւս նախատեսել պաշտոնային դրույքաչափի 55 տոկոսի չափով հավելավճար: Սահմանվել է նաեւ, որ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի եւ Վարչական դատարանի դատավորներին, ինչպես ներկայում գործող օրենքով Հակակոռուպցիոն դատարանի դատավորներին արտաժամյա, գիշերային ժամերին, հանգստյան, տոնական օրերին աշխատանքի համար հավելումներ չեն տրվի:

««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է օրենքի 7.6-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել նոր խմբագրմամբ, որն ուժի մեջ մտնելուց հետո համապատասխան լիազորող նորմի առկայության պայմաններում վարչապետի որոշմամբ կսահմանվի Հայաստանի Հանրապետության վարչապետին սպասարկման նպատակով տրամադրված հատուկ սարքավորված ինքնաթիռով եւ ուղղաթիռով չվերթների կազմակերպման, իրականացման եւ անվտանգության ապահովման, ինչպես նաեւ այդ սպասարկումից այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց օգտվելու կարգը:

Քննարկված օրենքների նախագծերը դրական եզրակացություն են ստացել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 20-ի նիստում:

  • Կիսվել: