երկուշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2024
Երևանի քաղաքապետը հանդիպել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ

Երևանի քաղաքապետը հանդիպել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ

Համաշխարհային բանկի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի և բանկի ներկայացուցիչներ Արման Վաթյանի ու Խուրամ Ֆարուքի հանդիպման ժամանակ։  

Նախաձեռնված նախագծերը հանրային կառավարման բարեփոխումներ են՝ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների թվայնացմամբ: 

Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ Ավինյանն ընդգծել է, որ թվային և խելացի փոխակերպումները համայնքի գլխավոր առաջնահերթություններից են, որոնք հնարավորություն են տալիս հաղթահարելու առկա մարտահրավերներն ու քայլել ժամանակին համընթաց: 

Համաշխարհային բանկի ներկայացուցիչներն իրենց հերթին պատրաստակամություն են հայտնել, ըստ համայնքի նախանշած առաջնահերթությունների, գործակցության ծրագրերը տեղափոխել գործնական փուլ:  

Որպես թվայնացված կարևոր գործիք՝ քաղաքապետ Ավինյանն առանձնացրել է վերջերս գործարկված «Ակտիվ քաղաքացի» հավելվածն ու էլեկտրոնային GIS աշխարհագրական տեղեկատվական համակարգի ձեռքբերումը, որոնք ավելի հասանելի, թափանցիկ ու տրամաբանական են դարձնում երևանցիներին մատուցվող ծառայությունները: Էլեկտրոնային այս ծառայություններն առավել տեղայնացնելու և ներքին մոնիթորինգի ու հետադարձ կապի մեխանիզմները ներառելու գործում ևս կարևորվել է բանկի աջակցությունը: 

 

  • Կիսվել: