ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հանդարտության կոչ եմ անում՝ խուսափելու համար ոչ իրավաչափ արարքներից և անցանկալի հետևանքներից. Մարզպետը՝ Փարաքարի մասին

Հանդարտության կոչ եմ անում՝ խուսափելու համար ոչ իրավաչափ արարքներից և անցանկալի հետևանքներից. Մարզպետը՝ Փարաքարի մասին

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, անընդունելի համարելով միավորված Փարաքար համայնքում դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում ստեղծված իրավիճակը, կողմերին կոչ է անում հանդարտություն պահպանել: Այս մասին տեղեկանում ենք Արմավիրի մարզպետարանից:

«Քաղաքական ուժերի հարգելի ներկայացուցիչներ, Արմավիրի մարզի սիրելի բնակիչներ, հանդարտության, ողջախոհության և փոխադարձ հարգանքի կոչ եմ անում բոլորիդ՝ խուսափելու համար ավելորդ կրքերի բորբոքումից, ոչ իրավաչափ արարքներից և անցանկալի հետևանքներից: Խնդրում եմ սպասել իրավական գործընթացների ավարտին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Փարաքար համայնքում, որտեղ այսօր նախատեսված էր համայնքապետի երդմնակալության արարողությունը,  ոստիկանությունը փակել է համայնքապետարանի մուտքը: «Ապրելու երկիր» կուսակցությունը, որը համարում է, որ իր թեկնածու Վոլոդյա Գրիգորյանն ընտրվել է համայնքապետ, դրսում, մշակույթի տան դիմաց ամբիոն է տեղադրել եւ կազմակերպել երդմնակալության արարողությունը:

Ոստիկանության ներկայացուցիչները հայտնել են, որ ընտրությունների արդյունքների վերաբերյալ կա դատական վեճ, այդ պատճառով էլ իրավունք չունեն նրանց թույլատրել համայնքապետարանի շենք մտնել։

Փարաքար համայնքի բնակիչները դրանից հետո փակել են Զվարթնոց տանող ճանապարհը, քանի որ մի քանի ժամ է՝ «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Վոլոդյա Գրիգորյանին եւ նրա թիմակիցներին թույլ չեն տալիս համայնքապետարանի շենք մտնել։ Ոստիկաններն ուժ կիրառելով փացել են ճանապարհը:

  • Կիսվել: