Համաձայնությունը ձեռք բերված է, չեմ կարծում, որ որևէ փոփոխություն լինի. Վաղարշակ Հակոբյանը՝ գերիների վերադարձի մասին
Խոչընդոտի մասին որևէ տեղեկություն չունեմ, կարող եմ ասել, որ համաձայնությունը ձեռք բերված է, և մենք սպասում ենք գերիների վերադարձին:
Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը:
«Ես որևէ խոչընդոտի մասին ինֆորմացիա չունեմ։ Հստակ տեղեկություն չունեմ, թե ինչու է գործընթացն ուշանում, միգուցե նաև չի ուշանում։ Համաձայնություն կա, ժամկետները համաձայնեցված են, հայտարարությունն էլ երկուստեք արված է։ Ուզում եմ նշել, որ Հայաստանն այժմ Ադրբեջանի հետ գտնվում է խորը բանակցային պրոցեսի մեջ՝ խաղաղության պայմանագրի մասով։ Այսօր մեր օրակարգում խաղաղության պայմանագիրն է և դրանից բխող քայլերի հաջորդականությունը։ Կարծում եմ, որ մենք պետք է օգտագործենք բոլոր հարթակները խաղաղության և անվտանգության վերջնական հաստատումը անառարկելի իրականություն դարձնելու համար»,-նշեց նա։
Պատգամավորի խոսքով՝ ՀՀ-ն երբեք չի կարող աչք փակել այն ռազմական հանցագործությունների վրա, որոնք կատարվել են մեր քաղաքացիների հանդեպ, ՀՀ-ն բոլոր հարթակներում խոսում է Արցախում տեղի ունեցած տարբեր խախտումների մասին։


