ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հակաճգնաժամային վիճակում կառավարության օպերատիվությունն այնքան էլ չի հերիքում. Մելքումյան

Հակաճգնաժամային վիճակում կառավարության օպերատիվությունն այնքան էլ չի հերիքում. Մելքումյան

Կարեւորն այն է, որ մենք կարողանանք սթափ գնահատական տալ, թե ինչ գին ենք վճարում համաճարակի համար: Այս մասին այսօր ԱԺ-ում արտակարգ դրության ռեժիմը եւս մեկ ամսով երկարաձգելու հարցի քննարկման ժամանակ ասաց ԲՀ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նա նշեց, որ կա երկու սցենար: Մելքումյանը, մասնավորապես ասաց. «Երկու սցենար կա. մեկը՝ նայենք, հասկանանք, թե արդյոք ճիշտ է գնում ընդհանրական սցենարը, բայց որոշ նախարարներ, որոշ կառույցների ղեկավարներ իրենց գործառույթները լավ չեն կատարում, մեղմ ասած: Անպայման պետք է գնահատական տանք, խորհրդարանն էլ պետք է իմանա, թե ով ինչ չի արել»

Նա հավելեց նաեւ, թե արդյոք համավարակի հետ կապ ունեի՞ն վերջին շրջանի կադրային փոփոխությունները եւ որքանով կապ ունեին. «Հենց այնպես ազատելով չէ, նաեւ պատասխանատվության ինստիտուտ պետք է լինի»:

Մելքումյանի խոսքով՝ երկրորդն այն է, որ գուցե մարդիկ իրենց աշխատանքը լավ են անում, բայց սցենարը ճիշտ չի հաշվարկած: «Պետք է սթափ գնահատական տալ մենեջմենտի որակին, որը հեշտ բան չէ: Մենք որպես ընդդիմադիր ուժ իրավունք ունենք մեր քննադատությունը հնչեցնելու: Ես մի համեմատություն էի բերել. ենթադրենք՝ մի մեծ մեքենայի մեջ նստած ժողովուրդը գնում է, վարողները մի պահի հասկանում են, որ արգելակները լավ չեն աշխատում:

Ասում ենք՝ մի հարմար պահի կանգնենք, արգելակները ուղղենք, որովհետեւ ոլորաններ կան, փոսեր կան: Խոսքն այդ մտահոգության մասին է: Քանի որ վերջին շաբաթներին վարակակիրների թիվը շատացավ, շատ իրավացի դժգոհություն է, որ հասկանանք, թե ով ինչ չի անում»,-ասաց նա:

Պատգամավորը հիշեցրեց նաեւ, որ մի կարեւոր օրինագիծ էր բերվել խորհրդարան, բայց կառավարության ներկայացուցիչն ասաց, որ հաշվարկները դեռ չեն արել: «Այս պայմաններում չէր կարելի՞ ամբողջ գիշեր նստել այդ հաշվարկները անել, ոչ թե մերժենք, օրինագիծը գնա հետ: Սա նշանակում է, որ հակաճգնաժամային վիճակում կառավարության օպերատիվությունն այնքան էլ չի հերիքում»,-նշեց Մելքումյանը:

  • Կիսվել: