շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հակառակորդի հսկողության տակ հայտնված արոտավայրերի ու դաշտերի դիմաց գյուղացիներին փոխհատուցում կտրվի 1 հա-ի համար 200 հազար դրամ. Տեղի համայնքապետ

Հակառակորդի հսկողության տակ հայտնված արոտավայրերի ու դաշտերի դիմաց գյուղացիներին փոխհատուցում կտրվի 1 հա-ի համար 200 հազար դրամ. Տեղի համայնքապետ

Ադրբեջանական կողմը դեռ չի վերադարձրել Սյունիքի մարզի Տեղ համայնքի հովվի՝ Սուրիկ Մաթևոսյանի ոչխարներին։

«Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցն ասաց, որ ոչխարներին վերադարձնելու ուղղությամբ բանակցությունները դեռ ընթանում են։
Նշենք, որ ադրբեջանցիները հունվարի 13-ին առևանգել էին Տեղ համայնքի հովիվին և տարել նրա ամբողջ հոտը, որը համայնքապետի խոսքով բաղկացած էր մի քանի հարյուր ոչխարից։

Հարցին՝ արդյոք հովիվին փոխհատուցում կտրվի, եթե ոչխարները չվերադարձվեն, Դավիթ Ղուլունցը հորդորեց «եթե»-ով չխոսել։

«Տեսնենք չեն վերադարձնում, նոր այդ մասին կմտածենք։ Իհարկե հովիվին փոխհատուցում կտրվի, բայց հավանականությունը մեծ է, որ ոչխարներին կվերադարձնեն»,-ասաց համայնքապետը։

Հարցին, թե մինչ այս պահը համայնքում գյուղացիներին փոխհատուցում տրվե՞լ է իրենց հողատարածքների և անասունների կորստի համար, Դավիթ Ղուլունցը նշեց, որ հողատարածքի կորստի համար փոխհատուցում տրամադրելու գործընթացն արդեն ընթացքում է։

«Հողատարածքների կորստի համար փոխհատուցում տալիս է պետությունը՝ 1 հա-ի համար 200 հազար դրամ։ Արդեն մեկ շաբաթ է, ինչ գրությունն ուղարկել են, մենք էլ սեփականության վկայականներն ենք ուղարկել մարզպետարան, որ փոխհատուցում տան ժողովրդին»,-ասաց համայնքապետը։

Դիտարկմանը՝ արդյոք այդ գումարը բավարա՞ր է այն մարդկանց համար, որոնք այդ հողատարածքից շարունակական եկամուտ են ստացել, Դավիթ Ղուլունցը համաձայնեց՝ գումարը բավարար չէ, բայց ամեն դեպքում մի կերպ փորձում է աջակցել ժողովրդին մինչև սահմանազատման գործընթացն իրականացվի։

Դավիթ Ղուլունցը չկարողացավ հստակ նշել, թե քանի գլուխ անասուն է այս ընթացքում անցել հակառակորդի սահմանը, սակայն ասաց, որ հապատասխան գրությունն ուղարկել են մարզպետարան և մարդիկ իրենց կորցրած անասունների համար ևս փոխհատուցում կստանան։

Դավիթ Ղուլունցի խոսքով համայնքում հատուկենտ մարդիկ են, որ անասուններին վարկով են վերցրել, և մինչ այժմ որևէ հարց չի եղել, որ համայնքապետարանը կամ մարզպետարանը գյուղացիների վարկերը մարելու հետ կապված բանկերին դիմի։

  • Կիսվել: