Գյումրիում շների հարձակմանը ենթարկված փոքրիկ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում
Գյումրիում շների հարձակմանը ենթարկված 2,5 տարեկան երեխայի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին SHANTNEWS.am-ին ասել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Գյումրիի Մուշ-2 թաղամասում շները հարձակվել էին 2,5 տարեկան երեխայի վրա: Փոքրիկը բազմաթիվ վնասվածքներով, կծած վերքերով տեղափոխվել էր «Գյումրիի Մոր ու մանկան» հիվանդանոց, ապա Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Երեխան երկու անգամ վիրահատվել է:
«Գյումրիում մի խումբ թափառող շների կողմից տան բակում հարձակման ենթարկված 2,5 տարեկան երեխայի առողջական վիճակի մեջ դրական դինամիկա կա: Այսօր արդեն վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվելու է դիմածնոտային բաժանմունք: Երրորդ օրն է, ինչ երեխան «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում է: Ուներ բազմաթիվ վնասվածքներ: Կատարվել է դիմածնոտային վիրաբուժական միջամտություն: Բազմաթիվ վնասվածքներ կային դեմքի, վերջույթների և մարմնի այլ հատվածներում, մասնավորապես պարանոցի վրա:
Երեխայի վիճակը շարունակում է մնալ ծանր, կայուն: Սա մի քայլ է դեպի առողջության բարելավում, այսինքն՝ վերակենդանացման բաժանմունքից տեղափոխումը դիմածնոտային, նշանակում է, որ կյանքին վտանգ չի սպառնում»,- SHANTNEWS.am-ին հայտնել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:

Տունը, որտեղ ապրում է փոքրիկը, Մուշ-2 թաղամասի ծայրամասում է, հարևանությամբ լքված տարածք է ու աղբանոց, որտեղ թափառող շները շատ են:

Շատ են նաև թափառող շների մասին ահազանգերը տարբեր թաղամասերից: Գյումրիում, ըստ մասնագետների հաշվարկի, 1300 թափառող շուն կա: Քանակն աճում է: Շների հարձակումներից բնակիչները բողոքում են, կենդանիների վնասազերծման այլ տարբերակներն էլ դաժան վերաբերմունք է համարվում, որն ըստ օրենքի՝ քրեորեն պատժելի է:
Գյումրիում շների վնասազերծման գործող տարբերակը ստերջացումն է: Տարեսկզբին քաղաքապետարանը պայմանագիր կնքեց անասնաբուժական կլինիկայի հետ։ Ծրագրի առաջին փուլով ստերջացվել է 350 շուն Գյումրիի տարբեր թաղամասերից:
Մասնագետի խոսքերով՝ ստերջացված լինելը չի նշանակում՝ կենդանին անվտանգ է: Ստերջացված շունը կարող է ագրեսիվ լինել:


«Ստերջացված շունը ֆիզիոլոգիական մասով անվտանգ է, բայց, կախված կենդանու անհատական օրգանիզմից, եթե ի ծնե եղել է ագրեսիվ, ինչ-ինչ պատճառներով, մարդկային գործոնով պայմանավորված կամ գենետիկ կապով, ապա ագրեսիան մնում է ագրեսիա: Վտանգը միշտ կա, բայց ստերջացված շունը, համեմատած մյուսների, ավելի հանգիստ է:
Նույն տարածքից՝ Մուշ-2 թաղամասից, մենք 12 շուն ենք բերել կլինիկա և ստերջացրել, բայց այդ տարածքում շատ են թափառող շները: Ժամանակ է պետք բոլորին ստերջացնելու համար: Մենք ահազանգեր ստանում ենք բոլոր թաղամասերից և աշխատում ենք 10-20 շուն բոլոր թաղերից ստերջացնել, որպեսզի քաղաքի բոլոր թաղերում շները հավասարաչափ ստերջացված լինեն»,- ասել է անասնաբույժ Էդգար Գևորգյանը:

Թափառող կենդանիների վնասազերծման եվրոպական փորձն են մասնագետները ամենաարդյունավետը համարում, երբ մարդամոտ կենդանիներին ստերջացնում են, իսկ ագրեսիվ պահվածք դրսևորողների համար կացարաններ կառուցում:
Գյումրիում թափառող շների կացարան ունենալը քաղաքային բյուջեին թանկ կարժենա: Սա ցանկալի ծրագիր է, որն առանց պետական աջակցության կամ մասնավոր ներդրումների սկսել, պատասխանատուները չեն կարող։



