հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Գյումրիի Ասլամազյան քույրերի պատկերասրահի աշխատակիցները անժամկետ գործադուլ են հայտարարել

Գյումրիի Ասլամազյան քույրերի պատկերասրահի աշխատակիցները անժամկետ գործադուլ են հայտարարել

Ասլամազյան քույրերի պատկերասրահի աշխատակիցներն անժամկետ գործադուլ են հայտարարել ու զբոսաշրջային ակտիվ այս սեզոնին գրություններով ու կպչուն ժապավեններով փակել են թանգարանի մուտքը։

Գործադուլի պատճառը պատկերասրահի էքսկուրսավարներից մեկի և տնօրենի միջև օրեր առաջ ծագած անձնական բնույթի կոնֆլիկտի պատճառով հասունացած միջադեպն է, որից հետո շուրջ երկու տարի պատկերասրահի տնօրենի ժամանակավոր պարտականությունները կատարող Միքայել Վարդպարոնյանը ներկայացրել էր աշխատանքից ազատման դիմում, դա պատճառաբանելով քաղաքապետարանից իր վրա կիրառվող ճնշումներով ու աշխատանքի հետ անհամատեղելի պահանջներով։

«Իրավիճակը ստեղծվել է կառույցների՝ Ասլամազյան քույրերի պատկերասրահի և Գյումրիի համայնքապետարանի, մասնավորապես ,անձնական ամբիցիաների հետևանքով, որովհետև մեկ անձի շուրջ ծավալել այս խայտառակ ու երկար պատմությունը անթույլատրելի պետք է լիներ բոլոր կողմերի համար, սակայն ունենք էն, ինչ ունենք և այս ծանր իրադրությունը արդեն որերորդ օրն է շարունակվում է։ Իսկ այսօր արդեն առավոտյան ժամը 10-ին 11-ին աշխատակազմը հայտարարել է գործադուլ, գործադուլի դրդապատճառը 2021 թվականի հուլիսի 6-ի որոշումն է, ըստ որի ես ազատվել եմ աշխատանքից։ Բայց նշեմ, որ 3 աշխատանքային օր կա դիմումը հետ վերցնելու համար ու ես երրորդ աշխատանքային օրվա ընթացքում պահանջել եմ դիմումի տեսքով, որպեսզի իմ կողմից ներկայացված ազատման դիմումին ընթացք չտան»,-SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է Ասլամազյան քույրերի պատկերասրահի տնօրենի նախկին պաշտոնակատար Միքայել Վարդպարոնյանը։

Գործադուլավոր աշխատակիցները համարում են, որ տնօրենի պաշտոնակատարի աշխատանքից ազատման հիմքեր չկան, քանի որ սահմանված ժամկետներում Միքայել Վարդպարոնյանը գործատուից պահանջել է իր ներկայացրած ազատման դիմումին ընթացք չտալ։

Սակայն, այսօր առավոտյան փոխքաղաքապետ Հայկ Սուլթանյանն աշխատակիցներին պատկերասրահի բակում ներկայացրել է նորանշանակ տնօրենին, իսկ աշխատակիցները հայտարարել են, որ նորանշանակ տնօրենի հետ աշխատել չեն պատրաստվում, քանի որ նրա նշանակման ընթացքում իրենց կարծիքը հաշվի չի առնվել։

  • Կիսվել: