երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Գործարկվում է Հայաստանի համար նախատեսված Ձեռնարկատիրական կրթության տարածաշրջանային ենթահանձնաժողովը

Գործարկվում է Հայաստանի համար նախատեսված Ձեռնարկատիրական կրթության տարածաշրջանային ենթահանձնաժողովը

Enterprise Educators UK–ը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը հայտնում են Հայաստանի համար նախատեսված Ձեռնարկատիրական կրթության տարածաշրջանային ենթահանձնաժողովի գործարկման մասին։

Նոր տարածաշրջանային ենթահանձնաժողովը կաջակցի և կզարգացնի ձեռնարկատիրական և ձեռներեցային գործունեությունը հայ անդամների միջև՝ հնարավորություն ընձեռելով գերազանցության հասնել տարածաշրջանում ձեռնարկությունների և ձեռնարկատիրական կրթության ոլորտում:

Այս նոր ձեռնարկի գաղափարը ծնվել է Enterprise Educators UK և Բրիտանական խորհրդի Creative Flame ծրագրի շրջանակներում։ Նշյալ ծրագիրը Բրիտանական խորհրդի Creative Spark ծրագրի իրավահաջորդն է, և հենց այս ծրագրից սկիզբ առավ շահառու երկրներում ինստիտուցիոնալ գործընկերությանը և ձեռնարկատիական կրթության զարգացմանը աջակցելու նախաձեռնությունը։ Սույնին հասնելու նպատակով աշխատանք է իրականացվել 132 համալսարանների և ստեղծագործական կազմակերպությունների հետ, ներգրավված հաստատություններում հիմնվել են 32 ստեղծագործական կենտրոններ (2012-2023 թթ.):

Նոր տարածաշրջանային ենթահանձնաժողովը, որը նախագահելու է գործընկեր հաստատություններից մեկի ներկայացուցիչը, Enterprise Educators UK-ի տնօրենների խորհրդին պարբերական տեղեկատվություն է տրամադրելու տարածաշրջանում անդամների գործունեության վերաբերյալ, և նպաստելու է Enterprise Educators UK-ի և նրա տարածաշրջանային անդամների միջև տեղեկատվության փոխանակմանը:

Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ, Տարածաշրջանային ենթահանձնաժողովի հինգ հիմնադիր անդամ հաստատություններ՝ ՀՀ բարձր տեխնոլոգիաների նախարարությունը, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը, Բրյուսովի անվան պետական համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը (ՀԱՊՀ)՝ ներառյալ ՀԱՊՀ-ի ինժեներական լաբորատորիաները, ինչպես նաև Սիմոնյան կրթական հիմնադրամը (TUMO Studios) մինչև 2025թ․ հուլիս ամիսը կհամարվեն Enterprise Educators UK անդամներ։

Ինչպես նշեց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ադդէ Հովասափյանը. «Մենք իսկապես ուրախ ենք, որ շարունակելու ենք նպաստել ձեռնարկատիրական կրթության զարգացմանը Հայաստանում՝ ստեղծելով երկրում ձեռնարկատիրական կրթության առաջին հանձնաժողովը՝ Enterprise Educators UK-ի մեր փորձագետ գործընկերների աջակցությամբ: Սույնը հաստատուն մի քայլ է Հայաստանի ձեռնարկատիրական էկոհամակարգի համակարգման և զարգացման ուղղությամբ, որը թույլ կտա և՛ անհատներին, և՛ հաստատություններին ներմուծել և արտահանել ոլորտում առկա լավագույն փորձը և փորձառությունը»:

Enterprise Educators UK-ի նախագահ Դոկտոր Էմիլի Բոմոնտը նշում է. «Բրիտանական խորհրդի հետ գործակցաբար իրականացվող անդրանիկ տարածաշրջանային ենթահանձնաժողովի մեկնարկը մեզ համար կարևոր իրադարձություն է, և մենք մեծ անհամբերությամբ սպասում ենք հայաստանյան մեր գործընկերների հետ աշխատանքների իրականացմանը, ինչի շնորհիվ հնարավոր կլինի առավել զարգացնել մեր գործընկերությունը՝ հիմնվելով Creative Spark և Creative Flame ծրագրերի շրջանարկներում մեր երկու երկրների գրանցած հաջողությունների վրա։ Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական կրթության ոլորտում գերազանցության ապահովումը Enterprise Educators UK-ի նպատակն է, և այս նոր նախաձեռնությունը նշանակալից առաջընթաց է մեր հայ գործընկերների հետ ձեռնարկությունների էկոհամակարգի զարգացմանը նվիրված ձեռնարկների աջակցության գործընթացում»:

  • Կիսվել: