Գողը տնից է լինում
Երեկ՝ հոկտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է դիմել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի բնակիչ, 44-ամյա Արթուր Գ.-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 13:30-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալու գործադրմամբ բացել են իր տան մուտքի դուռը, մտել ներս, և ննջասենյակի պահարանից գողացել թանկարժեք ոսկյա զարդեր, տեղեկացնում է SHAMSHYAN.com-ը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ նշված հասցե է մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալի գլխավորությամբ: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի խումբը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հաշված ժամերի ընթացքում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ, պարզել են, որ նշված բնակարանից ոչ մի գողություն չի եղել: Այդ ամենը ձևացրել են Արթուր Գ.-ի 11-ամյա երկվորյակ որդիները, ովքեր ոստիկանների բացատրական գործողությունների արդյունքում ներկայացրել են ոսկյա զարդերը:
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: