երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գնել Սանոսյանը խնդրում է առավել ըմբռնումով մոտենալ կարճաժամկետ կացարանի վայրի հարցին

Գնել Սանոսյանը խնդրում է առավել ըմբռնումով մոտենալ կարճաժամկետ կացարանի վայրի հարցին

Այժմ Հայաստանի Հանրապետության 64 համայնքներում իրականացվում է 24-ժամյա հերթապահություն, աշխատանքային խմբեր են ստեղծվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ընդունելու և նրանց կարիքներն ապահովելու համար։ Կառավարության այսօրվա նիստում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
 
Նա նշեց, որ ժամը 08։00–ի դրությամբ 10 967 քաղաքացի մարզպետարանների կողմից հաշվառվել և տեղակայվել են հիմնականում հյուրանոցներում, հյուրատներում կամ հարմարեցված այլ շենք–շինություններում։ Որոշ դեպքերում ընտանիքներ են հյուրընկալել։
Սանոսյանը դիմեց Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին` խնդրելով ըմբռնումով մոտենալ, հասկանալ, որ այս տեղակայումները ժամանակավոր գործընթաց են։
 
«Պարտադիր չէ, օրինակ, Շիրակ տեղափոխված մեր բոլոր հայրենակիցները Գյումրիում մնան, երբ մենք Աշոցքում, Արթիկում կամ Ամասիայում ունենք համանման պայմաններ։ Խնդրում եմ` համաձայնեն, որ մենք կարողանանք համապատասխան բաշխվածությամբ իրենց տեղակայել, նաև բոլոր համայնքները ներառված լինեն աշխատանքներում»,– ասաց Սանոսյանը` հավելելով, որ հետագայում արդեն կառաջնորդվեն կառավարության մշակած, իրականացրած տարբեր ծրագրերով։
 

  • Կիսվել: