ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Ղեկը չկարողացավ շարժի, թարս ընկավ ձորը»․ ի՞նչ են պատմում վթարից տուժած կապանցի դպրոցականները

«Ղեկը չկարողացավ շարժի, թարս ընկավ ձորը»․ ի՞նչ են պատմում վթարից տուժած կապանցի դպրոցականները

Կապանի բժշկական կենտրոնը աշխատում է արտակարգ ռեժիմով։ Բոլոր մուտքերի մոտ այս պահին հերթապահություն են իրականացնում ոստիկանները, որոնք թույլ չեն տալիս տուժածների բարեկամներին բարձրանալ հիվանդանոցի շենք, միայն ծնողներին է թույլատրվում մուտք գործել վիրաբուժական բաժանմունք, գրում է Առավոտը:

Հիշեցնենք՝ մարտի 10-ին, ժամը 14.21-ին Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 16-րդ կմ-ին Օխտար գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտներին եւ անձնակազմին տեղափոխող «PAZ» մակնիշի ավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կամրջից (մոտ 5 մ բարձրություն) ընկել Աճանան գետը: «Ղեկը չկարողացավ շարժի, պնդացավ։ Ավտոբուսը թարս շուռ եկավ ձորը։ Ոտս կոտրվել է»,-պատմում է տուժած 9-ամյա Գեւորգը ու շարունակում․ «Այսօր ուրիշ ավտոբուս էր եւ ուրիշ վարորդ, 20 րոպե էլ ուշացած եկավ»։

12-ամյա Մարկ Չոլակյանցի ոտքն է իր խոսքով՝ «մի քիչ ուռել»։ «Ես ոչինչ, լավ եմ քրոջս մասին եմ մտածում։ Ինքը վատ էր, հլա չէին բերել մեզ հիվանդանոց՝ ասում էր մեջքս չեմ զգում, կպնում էիք մեջքին գոռում էր»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Ալեքսը։ Հիշում է՝ ավտոբուսը դզդզալով գնաց, կարծես մի կերպ շարժիչը գործի ընկավ։ «Դանդաղ էր գնում, թվաց կխփի դպրոցի շենքին բայց դուրս եկավ ու ընկավ ձորը»,-պատմում է Մարկը՝ միաժամանակ ընկերոջ դեմքից հավաքելով ապակու փշուրները։

12-ամյա Սուրեն Հովակիմյանը վարորդի կողքի նստատեղին էր նստել։ «Փորձեց ղեկը թեքել, չստացվեց, ոնց որ ասում են «բլոկ» ընկավ ու գլորվեց ձորը։ Հիշում եմ՝ ապակիները ընկան վրաս»,-պատմում է Սուրենը։

Այս պահին Կապանի բժշկական հիվանդանոց 24 վիրավոր կա, որից 15-ն աշակերտներ են։ Վիրավորներից մեկը՝դպրոցի ուսուցչուհի 1970 թվականի ծնված Թամարա Դավթյանը հիվանդանոցում մահացավ։ Դպրոցականների առողջական վիճակն այս պահին բավարար է գնահատվում։ Մեծհասակներից 3-ի վիճակը գնահատվում է ծանր, իսկ մնացածինը՝ բավարար։

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը դպրոցական ավտոբուսի վթարի վայր այցելելուց հետո եղել է Կապանի բժշկական կենտրոնում․ նա շրջել է հիվանդասենյակներում, տեղեկացել բուժում ստացող ուղեւորների առողջական վիճակի մասին։

Ինչպես Aravot.am-ին տեղեկացրին Սյունիքի մարզպետարանից, վթարից տուժածների բուժօգնությունն առավել արագ ու արդյունավետ կազմակերպելու համար Կապանի բժշկական կենտրոն լրացուցիչ բժիշկ մասնագետներ են տեղափոխվել նաեւ Գորիսի ու Քաջարանի բժշկական կենտրոններից։

  • Կիսվել: