երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գավառ համայնքում անցկացվեց «Հովվի փառատոնը»

Գավառ համայնքում անցկացվեց «Հովվի փառատոնը»

Գեղարքունիքի մարզի  Գավառ համայնքում ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի և Գավառի համայնքապետարանի աջակցությամբ տեղի  ունեցավ  «Հովվի փառատոն» եռօրյա միջոցառումը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից,   միջոցառումը մեկնարկեց հուլիսի 7-ին՝ Գավառ քաղաքից: Զբոսաշրջիկները, կազմակերպիչներն ու կամավորները հուլիսի 7-ին եղան Գավառի տարածաշրջանի կիկլոպյան դարաշրջանի ամրոցներում, որտեղ դիտեցին  պատմական փաստերի վրա հիմնված թատերական ներկայացումներ:

«Հովվի փառատոն»-ի երկրորդ օրն անցկացվեց Գավառ քաղաքից 10 կիլոմետր դեպի արևմուտք գտնվող Սուրբ Խաչ լեռան փեշերին:  Փառատոնին մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթև վարդապետ Բարսեղյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության,  Զբոսաշրջության կոմիտեի ներկայացուցիչներ, տեղացի և արտասահմանցի զբոսաշրջիկներ, հյուրեր։

Փառատոնն ուղեկցվեց  սարվորի կյանքի նկարագրական դրվագներով՝ ոչխարի խուզ, կիթ, ինչպես նաև սարվորի կողմից պատրաստած բնամթերքի ցուցահանդես-վաճառքով, ազգային երգ ու պարով, ազգային խաղ-մրցույթներով, ձիավարությամբ, գառան խաշլամայի ու փռի կարտոֆիլի հյուրասիրությամբ, որոնք պատրաստվեցին տեղում, տեղական արտադրանքների ցուցահանդես-վաճառքով ու պարգևատրումներով:

 «Հովվի փառատոն»-ը եզրափակվեց «Փախլավայի օր»  միջոցառմամբ, որի ընթացքում իրականացվեց  տաղավարային ցուցադրություն վաճառք, որում ներկայացված էին ավանդական փախլավան, գաթան, շաքարլոխումը, ինչպես նաև՝ Գավառում արտադրվող հացաբուլկեղեն, տարբեր անուշեղեններ, տարածքին բնորոշ այլ ապրանքներ, թեմատիկ ձեռքի աշխատանքներ: Միաժամանակ տեղի ունեցավ փախլավայի պատրաստման վարպետաց դաս, տեղում պատրաստվեց փախլավա:

Փառատոնի ողջ ընթացքում հնչեց ավանդական երգն ու պարը:

Փառատոնն իրականացվեց  «Սարվոր» զբոսաշրջային, սոցիալ-կրթական, բնապահպանական ՀԿ-ի և «Սարվոր տուրիզմ»-ի նախաձեռնությամբ՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի և Գավառի համայնքապետարանի աջակցությամբ։

  • Կիսվել: