ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը ողջունում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի ընդունած բանաձևը

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը ողջունում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի ընդունած բանաձևը

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը ՄԱԿ-ի
Մարդու իրավունքների խորհրդի կողմից «Ցեղասպանության կանխարգելում»
բանաձևի ընդունմանը

Ապրիլին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նստաշրջանն ընդունել է
Հայաստանի կողմից ներկայացված «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը։ Այս
բանաձևով ՄԱԿ-ի անդամ երկրների ուշադրությունը հրավիրվում է ցեղասպանության
կրկնության ռիսկերի և դրանք կանխելու անհրաժեշտության վրա:
Բանաձևի տեքստը, ժամանակակից մարտահրավերներին ընդառաջ, նոր և կարևոր
դրույթներ է ներառում վաղ նախազգուշացման և ցեղասպանությունների հետ կապված
ռիսկերի վերաբերյալ, ինչպիսիք են զինված հակամարտությունների օգտագործումը
ցեղասպանություն իրականացնելու նպատակով և խաղաղ բնակչությունը սովի մատնելու
անթույլատրելիությունը՝ որպես պատերազմ վարելու արգելված միջոց։
Բանաձևն արձանագրում է նաև, որ անպատժելիությունը ցեղասպանությունների,
պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների
ռիսկի մեծացման զգալի գործոն է՝ մասնավորեցնելով, որ այդ հանցագործությունը պետք է
հասցեագրվի հետաքննության, քրեական հետապնդման և պատժի միջոցով, որի առումով
կարևորվում է Արդարադատության միջազգային դատարանի դերը։
Բանաձևը նաև նախատեսում է ՄԱ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի
գրասենյակին քաջալերել ինչպես անդամ պետությունների, այնպես էլ ՄԱԿ ԳՔ
Ցեղասպանության կանխարգելման հարցով հատուկ խորհրդականի, պայմանագրային
մարմինների, հատուկ ընթացակարգերի, քաղաքացիական հասարակության, մարդու
իրավունքների ազգային ինստիտուտների, ակադեմիական շրջանակների և մասնավոր
հատվածի մասնակցությունը։
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը ողջունում է ՄԱԿ-ի Մարդու
իրավունքների խորհրդի ընդունած բանաձևը։ Մենք կարևորում ենք «Ցեղասպանության»
հանցագործության բազմակողմանի և ամբողջական բնութագրման և հետևանքների
վերացման համապատասխան մեխանիզմների ստեղծումը։ Բանաձևի շեշտադրումները
օրակարգային են, քանի որ ամիսներ առաջ մենք ականատեսը եղանք փաստացի
ցեղասպանական գործողությունների։ Մասնավորապես՝ 2023 թ․ սեպտեմբերի 19-20-ը
Ադրբեջանը դիմեց պատերազմի, որի հետևանքը Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության
նպատակադիր էթնիկ զտումն էր։ Էթնիկ զտմանը նախորդել էր Լաչինի միջանցքի 10-ամսյա
շրջափակումը, որը հանգեցրել էր հումանիտար աղետի։ Ադրբեջանի այս գործողությունները
համարժեք իրավական գնահատական չստացան և այս հանցագործությունների
ճարտարապետները մնացին անպատիժ ճիշտ այնպես, ինչպես 1988-1992 թթ․ պատմական
Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի հայության դահիճները։ Բանաձևն արձանագրում է նաև
Արդարադատության միջազգային դատարանի դերը ցեղասպանությունների
կանխարգելման գործում, մինչդեռ Ադրբեջանը առ այսօր չի իրագործել միջազգային
դատարանի ընդունած և ոչ մի որոշում։
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը մշտապես ահազանգել է
ադրբեջանական ցեղասպան վարքի դրսևորումների մասին և սթափության ու արագ
արձագանքման կոչ արել միջազգային հանրությանը և իրավարար
կազմակերպություններին։ Ցեղասպանության կանխարգելման դետալային
արձանագրումների արդյունավետության միակ միջոցը դրանց գործարկման միջազգային անխախտ մեխանիզմների ստեղծումն է։ Մենք կրկին կոչ ենք անում ինչպես ՄԱԿ-ին,
այնպես էլ պատասխանատու այլ մարմիններին և կառույցներին աչալուրջ գտնվել վերջին
տասնամյակներում ադրբեջանական համակարգային ագրեսիայի զոհը դարձած հայության
հսկայական զանգվածների իրավունքների վերականգնման ուղղությամբ։

  • Կիսվել: