հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է բրիտանացի պատգամավորի արձանագրումներին:

Մեծ Բրիտանիայի խորհրդարանում անցկացվել է «Լեռնային Ղարաբաղի փախստականներին միջազգային աջակցություն» խորագրով քննարկում, որի ժամանակ պատգամավոր Քարոլ Մոնագանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հայության ճակատագրին։ Պատգամավորը մի քանի մասնավորեցումներ է կատարել, որոնց հարկ ենք համարում անդրադառնալ։ Նախ՝ նա հիշատակել է ամիսներ առաջ Լաչինի միջանցքի շրջափակման առթիվ Վեսթմինսթերյան դահլիճում տեղի ունեցած քննարկումերը, որոնց ժամանակ անհանգստություններ են հնչել հումանիտար աղետի հավանականության վերաբերյալ։ Եվ այդ մտահոգությունները բնավ անհիմն չէին, որովհետև Լաչինի միջանցքի 10-ամսյա շրջափակումը ամենաիսկական հումանիտար ճգնաժամ ստեղծեց ավելի քան 100 հազար բնիկ, էթնիկ հայերի համար, որի հանգուցալուծումը եղավ 2023 թ․ սեպտեմբերի 19-20-ի ռազմական գործողությունները և դրան հաջորդած էթնիկ զտումը։ Սա ևս մեկ փաստ է, որ համաշխարհային հանրության կողմից մտահոգություն հայտնելը միայն առաջին քայլն է մտահոգության առարկայի չեզոքացման համար։ Իսկ Լաչինի շրջափակման հարուցած անհանգստությանը գործնական քայլեր չհաջորդեցին, ինչը հանգեցրեց վերոնշյալ ողբերգական հետևանքներին։

Պատգամավորը նկարագրեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հետ իր զրույցի տխուր տպավորությունները։ Տեղահանվածները մանրամասն նկարագրել են ամիսներ շարունակ ճգնաժամային պայմաններում իրենց կրած դժվարությունները։

Քարոլ Մոնագանը կատարել է ևս մեկ կարևոր արձանագրում՝ Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտումը համեմատելով Հայոց ցեղասպանության և քննադատելով իր երկրին մինչ օրս այն չճանաչելու և այդպիսով հանցածին տրամադրությունների համար տարածման լայն տիրույթ ապահովելու համար։

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը ողջունում է բրիտանացի պատգամավորի արձանագրումները։ Մենք կարևորում ենք այն, որ բռնի տեղահանված մեր հայրենակիցների ձայնը, թեկուզ և միջնարդավորված լսելի լինի տարբեր երկրների խորհրդարաններում և բարձր ատյաններում։ Ողջունելի է նաև Հայոց ցեղասպանության և Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտումների միջև տրամաբանական կապի ընդգծումը, սակայն թվում է, թե ցեղասպանությունների այս շարքում բրիտանացի պատգամավորը աչքաթող է արել ևս մեկ օղակ, այն է՝ 1988-1992 թթ․ պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի հայաթափումն ու հայրենազրկումը, 1988 թ․ Սումգայիթի, 1990 թ․ Բաքվի, 1992 թթ․ Մարաղայի ջարդերն ու կոտորածները, հայկական մշակույթի և հոգևոր-ազգային արժեքների ոչնչացումը, որոնք ամբողջացնում են մեր տարածաշրջանում պատմական իրողությունների պատճառահետևանքային և տարածաժամանակային օրգանական ամբողջությունը։ Ուստի մենք կոչ ենք անում աչալուրջ գտնվել տարածաշրջանում մարդու իրավունքների համակարգային խախտումների նկատմամբ պատասխանատվության մեխանիզմների ձևավորման անհրաժեշտության խնդրին։

  • Կիսվել: