երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Գագարինում բացվեց Արցախյան վերջին պատերազմի զոհերի աղբյուր-հուշարձանը

Գագարինում բացվեց Արցախյան վերջին պատերազմի զոհերի աղբյուր-հուշարձանը

Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքի Գագարին գյուղում հանդիսավորությամբ բացվեց Արցախյան վերջին պատերազմում հերոսի մահով ընկած գագարինցիներ Տիգրան Ղարիբյանին, Ալիկ Պետրոսյանին, Ռադիկ Թորոսյանին, Հարություն Ռաֆայելյանին, Հովիկ Վերանյանին եւ Արթուր Վիրաբյանին նվիրված աղբյուր-հուշարձանը։ «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Սեւանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը, ուժային կառույցների ներկայացուցիչներ, Սեւանի համայնքապետարանի աշխատակիցներ, Գագարինի միջնակարգ դպրոցի եւ մանկապարտեզի կոլեկտիվները, հերոսների ծնողները եւ հարազատները։

Հուշարձան-աղբյուրի բացման պատիվը վերապահվեց մարզպետ Գնել Սանոսյանին, հերոս Արթուր Վիրաբյանի հայր Իվան Վիրաբյանին եւ հուշարձանի նախաձեռնող եւ բարերար Հարություն Ավանեսյանին։ Հոգեհանգստյան կարգ կատարեց Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգևոր հովիվ Տեր Ստեփանոս քահանա Իգնատեւոսյանը։ Այնուհետ նորաբաց հուշարձանին ծաղիկներ խոնարհեցին հանդիսության մասնակիցները։ Հերոսների ծնողներին սփոփանքի եւ քաջալերանքի խոսքեր ուղղեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ «Անասելի մեծ է բոլորս վիշտն ու ցավը, բայց մի բան կա հստակ, որով պիտի Մխիթարվենք։ Դա այն է, որ մեր հերոսները զոհվել են գիտակցված մահով, մաքառել հանուն մեր հայրենիքի, հանուն Գագարինի, որ այսօր մենք, մեր երեխաներն ապրեն ազատ ու ապահով հայրենիքում։ Իսկ հիմա մենք պիտի անդուլ ու ջանադիր աշխատենք, որպեսզի ոտքի կանգնեցնենք ու հզորացնենք մեր հերոսների երազած ու պաշտպանած հայրենիքը։ Արժանի ու նվիրական գործ են կատարել աղբյուր-հուշարձանի նախաձեռնողներն ու կառուցողները, որի շնորհիվ մեր ժողովուրդը սերնդեսերունդ վառ կպահի մեր քաջ հերոսների հիշատակը։ Հավերժ փառք նրանց»,-ասաց մարզպետը։

Ապա Սեւան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը Սեւանի համայնքապետարանի հավաստագրեր ու շնորհակալագրեր հանձնեց հերոսների ծնողներին, բարերար Հարություն Ավանեսյանին եւ շինարարներին։ Սփոփվելով հերոսների ծնողներին ու արարողության մասնակիցներին` քաղաքապետ Սարգիս Մուրադյանը վստահեցրեց, որ Սեւան համայնքում ոչ միայն վառ կպահեն հերոսների հիշատակը, այլ նաեւ նվիրումով կշարունակեն նրանց գործը եւ կկերտեն ավելի հզոր ու Ազատ հայրենիք։ Խոսք հնչեցրեց նաեւ Գագարին գյուղի բնակիչ Աշոտ Ղազարյանը։ «Հուշարձանի բացումը պատահական օր չի ընտրվել, քանի որ այսօր մենք նշում ենք Արցախյան վերջին պատերազմում հերոսի մահով ընկած Արթուր Վիրաբյանի ծննդյան 29-րդ տարեդարձը։ Գագարինցիները սերնդեսերունդ կխոնարհվեն այս հերոսների սուրբ հիշատակի առաջ,անմահ կպահեն նրանց անունները։ Մեր գյուղի անունից իմ երախտագիտությունն են հայտնում բարերարին ու կառուցողներին»,-ասաց Աշոտ Ղազարյանը։

Հերոսներին նվիրված երգերով ու ասմունքով հանդես եկան Գագարինի միջնակարգ դպրոցի եւ մանկապարտեզի սաները։Անուն առ անուն ներկայացվեց Գագարինի հերոսների կենսագրությունը, անցած մարտական ուղին։ Հանդիսության ավարտին արարողության մասնակիցներն այցելեցին գերեզմանատուն ու ծաղիկներ խոնարհեցին գագարինցի հերոսների շիրիմներին։

  • Կիսվել: