կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայաստանի Հանրապետությունը պետք է ապրի, զարգանա, լինի ազատ, ժողովրդավար, բարեկեցիկ և խաղաղ. Փաշինյան

Հայաստանի Հանրապետությունը պետք է ապրի, զարգանա, լինի ազատ, ժողովրդավար, բարեկեցիկ և խաղաղ. Փաշինյան

POLITICO Europe պարբերականին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է պատերազմի զոհերի և պատերազմի վտանգի շարունակական մտավախության մասին հարցին։ 

Նա ասել է, որ ընդհանուր առմամբ, իհարկե, շատ դժվար է նման իրավիճակում էմոցիաների բեռի տակ չմնալ, երբ շատ դեպքերում հաղորդակցվում է զոհված զինվորների հարազատների հետ։

՛՛Հասկանալի է, որ այդ խոսակցությունները հեշտ չեն և բարդ են, բայց ոչ միայն հեշտ չեն և բարդ են նրանց համար, նրանց տեսակետից, այլև հեշտ չեն և բարդ են իմ տեսակետից, որովհետև ես մեկ-երկու անգամ առիթ ունեցել եմ նրանց հետ անկեղծանալու և ներկայացնելու իմ ընկալումը, որովհետև ասել եմ՝ տեսեք, ձեզնից յուրաքանչյուրը մի հարազատ է կորցրել, կամ մի որդի, մի զինվոր է կորցրել, ես կորցրել եմ հազարների, և ասվածի մեջ ոչ մի չափազանցություն չկա»,- նշել է Փաշինյանը:

Նա հավելել է. «Բայց մյուս կողմից՝ եթե մենք պետական կառավարման գործում և պետական այս բարձր պաշտոնում երկիրը կառավարելիս չկարողանանք լինել էմոցիաներից անդին, դրանից որևէ մեկը չի շահի, դրանից ավելի լավ չի լինի երկրի համար, դրանից ավելի լավ չի լինի նահատակների համար, որոնք, իմ ընկալմամբ, ընկել են այն բանի համար, որ Հայաստանի Հանրապետությունն ապրի, և Հայաստանի Հանրապետությունը պետք է ապրի, զարգանա, լինի ազատ, ժողովրդավար, բարեկեցիկ և խաղաղ»:

  • Կիսվել: