երեքշաբթի, հուլիս 14
14 / 7 / 2026
Եթե շտապօգնությունն օգտագործվում է որպես պացիենտին ուղղակի տեղափոխելու միջոց, ապա դրա համար պետք է վճարել. Արսեն Թորոսյան

Եթե շտապօգնությունն օգտագործվում է որպես պացիենտին ուղղակի տեղափոխելու միջոց, ապա դրա համար պետք է վճարել. Արսեն Թորոսյան

Շտապօգնությունն անվճար է Հայաստանի Հանրապետությունում, բայց շտապօգնությունը պետք է լինի հենց շտապօգնություն բառի ուղիղ իմաստով։ Այս մասին այսօր, հուլիսի 26–ին, ասաց ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը։

Պատասխանելով քաղաքացու այն հարցին, թե ինչու է շտապօգնության ծառայությունը պացիենտին իր ուզած հիվանդանոց տեղափոխելու համար գումար վերցրել, նա նշեց, որ շտապօգնության իմաստը հնարավորինս արագ պացիենտին, եթե նրան վտանգ է սպառնում, բուժօգնություն ցույց տալն է  տնային պայմաններում կամ արագ մոտակա հիվանդանոց հասցնելն է։

«Բայց եթե մենք շտապօգնությունը դիտարկում ենք որպես պարզապես պացիենտին տեղափոխելու միջոց, դա մի քիչ դուրս է շտապօգնության ուղիղ ֆունկցիաներից։ Կա նախարարի հրաման, որ շտապօգնությունը պարտավոր է պացիենտին տանել մոտակա հիվանդանոց իր իսկ շահից ելնելով։  Եթե այդ տեղափոխումը դուրս է նախարարի հրամանով սահմանված տեղափոխումից, ապա շտապօգնության ծառայությունը կարող է դրա համար վճար սահմանել», – ասաց նա։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պարզաբանեց, որ շտապօգնությունն ունի քարտեզագրում։

«Եվ մենք գնում ենք նրան, որ, նախ, կանչը պետք է իրականացնի մոտակա բրիգադը, առանց նայելու, թե դա որ մարզի կամ վարչական շրջանի ենթակայության տակ գտնվող բրիգադ է։ Սա ապահովում է կանչի հրատապությունը։ Եվ նույն տրամաբանության մեջ նաև քարտեզագրված է, թե որ բժշկական կենտրոններն են ամենամոտը տվյալ հասցեին»։  

Անահիտ Ավանեսյանը հավելեց, որ, հաշվի առնելով բուժհիմնարկների և քաղաքացիների կարծիքները,  առաջիկայում այս կարգում որոշակի փոփոխություններ կլինեն։ «Կան սպեցիֆիկ դեպքեր, երբ կարիք կա հենց տվյալ բժշկական կենտրոն տեղափոխելու, օրինակ. սրտի ռիթմավար սարքերի պարագայում։ Այս բացառիկ դեպքերում հնարավորություն կտրվի տեղափոխելու պացիենտին հենց տվյալ կենտրոն, եթե կյանքին վտանգ չի սպառնում այդ ճանապարհն անցնելու համար», – ասաց նա։

Նախարարի խոսքով, առաջիկա ամիսներին կավարտվի մարզերում շտապօգնության ծառայությունների միավորման գործընթացը, և հաջորդիվ Երևան քաղաքի շտապօգնությունը ևս կմիանա  հանրապետական շտապօգնության ծառայությանը, և կունենանք ընդհանրական, մեկ սկզբունքով գործող շտապօգնության ծառայություն։

Անահիտ Ավանեսյանը նաև տեղեկացրեց, որ վերանայվում են այն չափորոշիչները, թե որն է համարվում շտապօգնության կանչ, իսկ որը կարող է համարվել առաջնային օղակի կանչ։

  • Կիսվել: