շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Եթե այս հարցը չլուծվի, ես մի շաբաթից իմ ավտոյի վրա միգալկա եմ դնելու, ու թող փորձեն ինձ կանգնեցնել. Թորոսյան

Եթե այս հարցը չլուծվի, ես մի շաբաթից իմ ավտոյի վրա միգալկա եմ դնելու, ու թող փորձեն ինձ կանգնեցնել. Թորոսյան

Ես արդեն մեկ տարի է, որ ՆԳՆ-ից պահանջում եմ, որ այն բոլոր պաշտոնյաները, որոնք կարմիր-կապույտ առկայծող փարոսիկներ են կրում իրենց մեքենաների վրա, որոնք, ի դեպ, ես եւ պարոն Գաբրիելյանն (ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը-խմբ.) էլ կարող ենք դնել մեր մեքենաների վրա, որն առավելություն է տալիս մյուս վարորդների նկատմամբ, այդ դնողները թող մեզնից ավելի լավ կամ ավելի բարձր չլինեն... Այս մասին այսօր «Ոստիկանության դերը ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման գործում» քննարկման ժամանակ ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը:

Նա նշեց, թե պաշտոնյաներին սպասարկող մեքենաներն են օրենքը շրջանցելով երթեւեկում այդպիսի փարոսիկներով մեքենաներով: Այսպես, ըստ Թորոսյանի, դրանք են ՀՀ դատախազին, ՔԿ նախագահին, ԲԴԽ նախագահին, ԿԲ նախագահին սպասարկող եւ ուղեկցող ավտոմեքենաները:

«Ամենատարօրինակը՝ այնքան է այս միտումը տարածվել, որ արդեն դիվանագիտական ներկայացուցչությունների մեքենաներն են այդպես շրջում: ԱՄՆ դեսպանին սպասարկող մեքենան ինչ իրավունք ունի կրել կարմիր-կապույտ ռկայծող փարոսիկներ... ՌԴ դեսպանին սպասարկող մեքենան... Մեր դիվանագետներն ուրիշ երկրներում շատ օրինակելի վարքագիծ են դրսեւորում եւ ես ակնկալում եմ, որ իրենք էլ մեր երկրում օրինակելի վարքագիծ դրսեւորեն:

Ես հիմա հրապարակային ասում եմ՝ եթե այս հարցը չլուծվի, ես մի շաբաթից իմ ավտոյի վրա միգալկա եմ դնելու ու թող փորձեն ինձ կանգնեցնել»,-ասաց պատգամավորը:

  • Կիսվել: