ուրբաթ, օգոստոս 21
21 / 8 / 2026
«Եթե Աստված մեր կողմն է, ո՞վ կարող է մեզ հակառակ լինել»․ Մասյացոտնի թեմը շնորհավորել է Կաթողիկոսին

«Եթե Աստված մեր կողմն է, ո՞վ կարող է մեզ հակառակ լինել»․ Մասյացոտնի թեմը շնորհավորել է Կաթողիկոսին

Մասյացոտնի թեմը շնորհավորել է Կաթողիկոսին։

«Վեհափա՛ռ Տեր,

Մասյացոտնի թեմի ողջ հոգևոր դասը՝ հավատացյալ ժողովրդով, որդիական սիրով ջերմորեն շնորհավորում է Ձերդ Սրբությանը՝ ծննդյան տարեդարձի առթիվ։

Փորձություններով լի այս ժամանակներում մեր աղոթքն է առ Աստված, որ Տերը Ձերդ Սրբությանը պարգևի քաջառողջություն, զորություն, իմաստություն և հոգևոր անսպառ տոկունություն՝ շարունակելու Ձեր հովվապետական առաքելությունը՝ ի շինություն Հայոց Եկեղեցու և ի բարօրություն հավատավոր մեր ժողովրդի։

Այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է ամուր մնալ Քրիստոսի հանդեպ հավատքի, Եկեղեցու միության և Հայրապետական Աթոռի նկատմամբ հավատարմության մեջ։ Մասյացոտնի թեմի ուխտապահ հոգևորականությունն ու հավատացյալ ժողովուրդը, որպես Ձերդ Սրբության հոգևոր զավակներ, հաստատապես կանգնած են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ամենայն Հայոց Հայրապետի կողքին՝ վստահությամբ, որ ճշմարտության և արդարության ճանապարհին Աստված չի լքում իր Եկեղեցին։

Մենք հավատում ենք, որ չարի դեմ պայքարը, որքան էլ դժվար ու երկարատև լինի, ի վերջո հաղթական է, երբ Եկեղեցին իր Հովվապետի, հոգևորականության և հավատացյալ ժողովրդի միասնականությամբ հավատարիմ է մնում Քրիստոսին։ Մեր ուժը ոչ թե մարդկային կարողությունների, այլ Աստծո զորության մեջ է։

«Եթե Աստված մեր կողմն է, ո՞վ կարող է մեզ հակառակ լինել» (Հռոմ. Ը 31)։

Թող այս հավատքը զորացնի Ձերդ Սրբությանը, մեր հոգևոր դասին և համայն հավատավոր ժողովրդին՝ անսասան մնալու փորձությունների մեջ, պահպանելու Եկեղեցու միությունը և միասին հաղթահարելու մեր առջև ծառացած բոլոր դժվարությունները։

Աղոթում ենք, որ Ամենակալ Աստված Իր Սուրբ Աջի հովանու ներքո խաղաղ ու ապահով պահի Հայաստան աշխարհը, անսասան և պայծառ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և Իր օրհնությամբ առաջնորդի Ձերդ Սրբության գահակալությունը»։, - ասվում է շնորհավորանքում։

  • Կիսվել: