Եթե Թորոսյանը ֆեյսբուքյան չարաճճիությունների փոխարեն գործով զբաղված լիներ, հնարավոր է՝ չունենայինք այս նախագծերի անհրաժեշտությունը
«Նախ ուզում եմ ասել, որ ԱԱԾ–ն մեզ չի պատկանում ու չի ենթարկվում, այդպիսի բան չկա և երկրորդը՝ զանգերը չեն լսվելու, առաջարկում եմ չմանիպուլացնել»,- այսօր խորհրդարանում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ։
Դրանք վերաբերում են հեռախոսազանգերի միջոցով մարդկանց տեղորոշելուն, խոսակցության ժամանակը ֆիքսելուն և այլն:
Նա նշեց, որ Առողջապահության նախարարը երեկվա իր հարցազրույցներից մեկի վերնագիրը, որն արդեն մանիպուլացված էր, ծաղրի առարկա է դարձրել ֆեյբուքում։
«Ուզում եմ նախարարին և ընդհանրապես բոլորին վերահաստատել այն ինչ երեկ ասել եմ ու փոքրիկ справочка հատուկ նախարարի ու մնացած մարդկանց համար, ովքեր չեն հասկանում։ Կորոնավիրուսը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, հետևաբար մահացածին դիահերձման ժամանակ, քանի որ օդակաթիլային ճանապարհով չի կարող անցնել, քանի որ դիակը չի շնչում, չի հազում և չի փռշտում, հետեւաբար վարակը փոխանցվում է մակերեսների հետ շփման միջոցով։ Հետեւաբար դիահերձման կանոնները պետք է համապատասխանեն վարակիչ կամ սուր վարակիչ հիվանդություններից մահացած մարդկանց դիահերձման կանոններին»,– ասաց պատգամավորը։
Լուսինե Բադալյանն առաջարկեց՝ ֆեյսբուքյան չարաճճիությունների և վերնագրեր մանիպուլացնելու փոխարեն, ոլորտին և նախագծին վերաբերող հարզազրույցները լսել ամբողջությամբ, այնուհետև դիմեց նախարարին.
«Դա մեկ, հնարավոր է շատ բան սովորեք։ Երկրորդ՝ եթե մի օր ես որոշեմ ձեր բոլոր սխալները, պարոն նախարար, մանիպուլացնել կամ դնել ֆեյսբուքյան քվեարկության, կամ էլ այստեղից հայտնել՝ հետևանքները, վստահ եմ, հաստատ ձեզ հաճույք չեն պարգևի և ես կարծում եմ, որ քննադատությանը պետք է ինչ-որ կերպ դիմանալ և հիշել, որ ԱԺ ցանկացած պատգամավոր կարող է արտահայտել ցանկացած միտք, կարող է քննադատել ցանկացած նախագիծ և որևէ մեկն իրավունք չունի նրան դրա համար ծաղրել, կարող է ամենաշատը նրա հետ քննարկել և նրան համոզել։ Առողջապահության նախարարն էլ, որ մի քիչ ֆեյսբուքյան չարաճճիությունների փոխարեն գործով զբաղված լիներ, շատ հնարավոր է, որ այսօր մենք չունենանյինք այս նախագծերի անհրաժեշտությունը։



