երկուշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2024
ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանն այցելել է Լուսինե Զաքարյանի տուն-թանգարան

ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանն այցելել է Լուսինե Զաքարյանի տուն-թանգարան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, հայ հոգևոր երգերի կատարող Լուսինե Զաքարյանի տուն-թանգարան:

Նրան ուղեկցել է Մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը նշել է, որ մասնավոր թանգարանների հետ համագործակցությունը ՀՀ կառավարության համար առանցքային է՝ ոլորտի առաջխաղացման, նոր գաղափարների իրագործման, թանգարանները հանրության շրջանում հնարավորինս հանրահռչակելու նպատակով: Նրա խոսքով՝ մասնավոր թանգարաններ ճանաչողական այցերը ևս այդ նպատակն ունեն:

«Լուսինե Զաքարյանը հայ երգարվեստի ամենանշանավոր դեմքերից է, որը նվաճել է համաշխարհային բեմերը: Եվ մենք շատ ենք կարևորում, որ տուն-թանգարանը՝ որպես նրա վառ կենսագրության ու գործունեության մասին պատմող առաջնային միջավայր, հայտնի ու ճանաչելի լինի հանրության համար»,- ասել է Ալֆրեդ Քոչարյանը:

Թանգարանի ղեկավարը՝ Սուսաննա Դավթյանը, ներկայացրել է Լուսինե Զաքարյանի կենսագործունեությունից դրվագներ, տուն-թանգարանում պահվող նրա իրերը, ցուցանմուշները: Խոսելով Լուսինե Զաքարյանի և նրա ամուսնու՝ Խորեն Պալյանի մասին, Սուսաննա Դավթյանը նշել է.

«Ինչ-որ ցուցադրված է, գրեթե ամբողջը նվերներ են. նրանք չեն մտածել թանկարժեք իրեր ձեռք բերելու մասին: Իրենց հոգու մեջ էին գանձերը փնտրում»:

ԿԳՄՍ փոխնախարարն անդրադարձել է նաև վերջերս հաստատված «Թանգարանների մասին» օրենքին` ընդգծելով, որ օրենքի ընդունմամբ կապահովվի մշակութային ժառանգության պահպանության համակարգված գործունեությունը, կընդլայնվեն հնարավորությունները, և կբարձրանա ոլորտի արդյունավետությունը:

Այցի շրջանակում կողմերը քննարկել են թանգարանի տեսանելիության բարձրացմանը, թանգարանային միջավայրի պահպանությանը, պետության հետ հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցեր:

Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանը բացվել է 2019 թվականին և գտնվում է Կողբացի 42/3 հասցեում:

  • Կիսվել: