ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ես ինչ-որ մի տեղ ինչ-որ մի բան այնպես չեմ արել, ինչպես պետք է. Փաշինյան

Ես ինչ-որ մի տեղ ինչ-որ մի բան այնպես չեմ արել, ինչպես պետք է. Փաշինյան

Այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինքն ինչ-որ տեղ ինչ-որ բան այն չէ արել, դրա համար էլ վարակվել է կորոնավիրուսով:

՛՛Երբ տեսնում եմ ընդհատակյա Վերջին զանգ կազմակերպած տնօրենին, մտածում եմ՝ որտե՞ղ է սխալվել Կառավարությունը՛՛,-ասաց վարչապետը:

Նա նշեց, որ այս իրավիճակում շատերն ասում են կամ կասեն՝ եթե նախորդ իշխանության ժամանակ նշանակված տնօրեններն ու ոստիկանները, դատավորները, պաշտոնյաներն ազատված լինեին, այպես չէր լինի:

Բայց սա, Փաշինյանի խոսքով,  բավականին կասկածելի ճանապարհ է, այս տրամաբանությամբ կարող ենք հասնել նախորդ իշխանության ժամանակվա վարորդներին, վաճառողներին, նախորդ իշխանության ժամանակ ապրած մարդկանց՝ մեզ բոլորիս: ՛՛Այնուամենայնիվ, այս բոլոր հարցերը շատ լուրջ մտածելու տեղ են տալիս մեզ՛՛,-նշեց նա:

Վարչապետն ասաց. ՛՛Ուզում եմ արձանագրել, որ մեր հանրության խորքում շատ կարևոր փոփոխություններ են տեղի ունենում, մենք դանդաղ սկսում ենք վերանայել մեր վերաբերմունքը կարգի, օրենքների նկատմամբ, հանրային համակեցության նկատմամբ, մենք սրանից հետո այլ կերպ կսկսենք վերաբերվել կանոններին ու օրենքներին՝ լավ իմաստով: Ցավոք, դա տեղի է ունենում մարդկային կորուստների գնով՛՛:

Փաշինյանը ևս մեկ անգամ ցավակցություն հայտնեց այն ընտանիքներին, որտեղ կորոնավիրուսի պատճառով կորուստ է արձանագրվել:

Նա նաև պատմեց, որ մեր երկրում ապրող մի օտարերկրացի իրեն նամակ է գրել, որում ասել է, թե  ՀՀ-ում կորոնավիրուսային իրավիճակը սրվում է այն պատճառով, որ ՀՀ քաղաքացիների համար դժվար է հրաժարվել ձեռքով բարևելուց, իրար տեսնելիս համբուրվելուց և այլն:

՛՛Սա մի տեսակետ է, որն ուշադրության արժանի է՛՛,-ասաց Փաշինյանը:

Նա անդրադարձավ նաև իր ու իր ընտանիքի առողջական վիճակին և նշեց. ՛՛Անցել ենք մանրամասն բժշկական հետազոտություն, մեզ մոտ անախտանիշ է անցնում վիրուսը, չունենք ջերմություն,  թոքաբորբ, թեև հավանականություն կա, որ մեր վիճակը կվատանա, բայց այն փոքր է գնահատվում՛՛:

  • Կիսվել: