Ընտանիքում բռնությունը չունի քաղաքական պատկանելություն․ Արուսյակ Մանավազյան
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը խորհրդարանական բոլոր խմբակցություններին կոչ է արել կողմ քվեարկել ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փոփոխություններին՝ ընդգծելով, որ ընտանիքի անդամների անվտանգությունը պետք է դուրս լինի քաղաքական տարաձայնություններից։
Ազգային ժողովում նախագծի քննարկման ընթացքում Մանավազյանը նշել է, որ փոփոխությունները վերաբերում են ընտանիքի անդամների պաշտպանվածությանը և ընտանիքում առողջ մթնոլորտի ապահովմանը։
«Ընտանիքում բռնությունը չունի քաղաքական պատկանելություն, չունի կուսակցական գույն։ Բռնության ենթարկված յուրաքանչյուր կին, երեխա, տարեց կամ տղամարդ մեր երկրի քաղաքացին է»,- ասել է պատգամավորը։
Նրա խոսքով՝ պետության առաջնային պարտականությունն է ստեղծել հուսալի իրավական մեխանիզմներ, որոնք ոչ միայն կպաշտպանեն տուժողներին, այլև կկանխեն բռնության դեպքերը։
Մանավազյանի գնահատմամբ՝ առաջարկվող փոփոխությունները պետք է ավելի արդյունավետ դարձնեն պաշտպանական միջոցների կիրառումը, հստակեցնեն պետական մարմինների արձագանքման մեխանիզմները և նպաստեն նրան, որ որևէ մեկն իրեն անպաշտպան չզգա սեփական տանը։
Պատգամավորը շեշտել է, որ այս հարցում Ազգային ժողովը պետք է հանդես գա միասնական դիրքորոշմամբ՝ տարանջատող գծեր փնտրելու փոխարեն։
«Ուժեղ պետությունը սկսվում է անվտանգ, պաշտպանված ընտանիքից»,- ընդգծել է Մանավազյանը։
Ելույթի ավարտին նա դիմել է գործընկերներին՝ օրենսդրական նախաձեռնությանը աջակցելու կոչով։
«Դիմում եմ Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին՝ անկախ խմբակցություններից և քաղաքական հայացքներից․ կողմ քվեարկենք և ցույց տանք, որ մեր հասարակությունում բռնությունն ու անպաշտպանվածությունը տեղ չունեն, իսկ մեր քաղաքացիների անվտանգությունը մեզ համար բացարձակ արժեք է»,- հայտարարել է պատգամավորը։



