Քննարկվել են հարկային կարգապահության բարելավմանն ուղղված աշխատանքների արդյունքները
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հարկային բարեփոխումների և ռիսկերի կառավարման խորհրդի հերթական նիստը։ Նիստի ընթացքում քննարկվել են հարկ վճարողների հարկային կարգապահության բարելավմանն ուղղված աշխատանքների արդյունքները, ինչպես նաև նախանշվել են ընթացիկ ծրագրերի առաջնահերթությունները։
ՊԵԿ նախագահը կարևորել է նման ձևաչափով աշխատանքային քննարկումների անցկացումը՝ ընդգծելով Կոմիտեի տարբեր ստորաբաժանումների միջև արդյունավետ համագործակցության և համակարգված աշխատանքի մշակույթի ամրապնդման անհրաժեշտությունը։ Էդուարդ Հակոբյանի խոսքով՝ նման փոխգործակցությունը կարևոր նախապայման է Կոմիտեի առջև դրված նպատակների իրագործման, հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման և հարկ վճարողների հարկային կարգապահության ամրապնդման համար։
Խորհրդի նիստում քննարկվել է խոշոր հարկ վճարողների հարկային կարգապահության բարելավման ծրագիրը, որով առաջարկվում են հարկային վարչարարության արդիականացման և ռիսկերի վերհանման նոր ուղենիշներ՝ ուղղված կանխարգելիչ մոդելին անցմանը և կամավոր հարկային կարգապահության առավելագույն մակարդակի ապահովմանը։ ՊԵԿ նախագահն ընդգծել է ռիսկերի վերլուծությունը ոլորտային մոտեցմամբ իրականացնելու կարևորությունը՝ միաժամանակ պահպանելով հարկ վճարողների հավասարության սկզբունքը։
Ներկայացվել են նաև կահույքի ոլորտում հարկային կարգապահության բարելավման ծրագրի արդյունքները։ Նշվել է, որ ծրագրի իրականացման ընթացքում հարկ վճարողների հարկային կարգապահության առանձին ցուցանիշներում արձանագրվել են էական բարելավումներ, մասնավորապես՝ իրացման շրջանառության և հաշվարկային փաստաթղթերի քանակի աճի առումով։ Քննարկվել են նաև հարկային վարչարարության բարեփոխումների ռազմավարական ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների արդյունքներն ու առաջիկայում նախատեսվող աշխատանքները։
Նիստի ավարտին անդրադարձ է կատարվել նախորդ նիստում ՊԵԿ նախագահի տված հանձնարարականների կատարման ընթացքին։



